Ձևավորվում է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան նոր ռազմաքաղաքական առանցք

Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:
Դրան զուգահեռ, Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն: «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու:
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմը շարունակում է ամրապնդել կապերը բոլոր ոլորտներում՝44-օրյա պատերազմի արդյունքում թուրք-ադրբեջանական ռազմական կապերը վերածվեցին լիարժեք ռազմական դաշինքի, իսկ ադրբեջանական բանակը թուրքական բանակի զորամիավորումներից մեկն է, որը գործում է կովկասյան ճակատում: Թուրքիա-Ադրբեջան տանդեմին միանում է միջուկային տերություն Պակիստանը Իսլամաբադը խորացնում է ռազմատեխնիկական, էներգետիկ, տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, իսկ թուրք-պակիստանյան կապերը տասնամյակների պատմություն ունեն: Պակիստանն ու Թուրքիան անդամակցել են CENTO(The Central Treaty Organization) կազմակերպությանը դեռևս 1960-70-ական թթ-ին: Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական ճակատ կամ առանցք՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան, որն ուղղված է ՌԴ-ի և Իրանի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման դեմ: Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալն ավելի է սերտացնելու թուրք-պակիստանյան կապերը՝ հաշվի առնելով Պակիստանի մեծ ազդեցությունը Թալիբանի վրա, ինչպես նաև Թուրքիայի պանթուրքական շահերն Աֆղանստանում և Էրդողանի պանիսլամիստական արտաքին քաղաքականությունը:
Հայաստանը պետք է հետևություններ անի քաղաքական նոր վերադասավորումներից՝ խորացնելով կապերը Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ: ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, անվտանգության երաշխավորը, Իրանը հարևան ու շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, որի հետ պետք է խորացնել տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը:
Պակիստանի աշխարհաքաղաքական հակառակորդ Հնդկաստանը միջուկային գերտերություն է, որի ներդրումներն ու մեկ միլիարդանոց շուկան կարող են հետաքրքրություն ներկայացնել հայկական տնտեսության համար: Հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա՝տարածաշրջանային նոր սպառնալիքներին դիմագրավելու համար:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի























Comments