Թուրքիան ավելացնում է իր գեոպոլիտիկ ներկայությունը Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում. վերլուծական
- May 24, 2021
- 1 min read

Շուտով բացվելու է նոր նավարկելի ուղի՝ Մարմարա ծովի և Կասպից ծովի միջև, որը միավորելու է Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի հետ, փոխանցում է Dailysabah-ը:
Թուրքիան առևտրային հարաբերություններ է զարգացնելու կենտրոնաասիական երկրների հետ՝ ռուսական գետային համակարգերի միջոցով՝ ելք ունենալով Կասպից ծովում ղազախական Աքթաու և թուրքմենական՝ Թուրքմենբաշիի նավահանգիստներ:
Նշենք, որ Թուրքիան ավելացնում է իր գեոպոլիտիկ ներկայությունը Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով թուրքական ապրանքները հասցնում են Բաքվի նավահանգիստ, ինչից հետո լաստանավերով տեղափոխվում են Կենտրոնական Ասիա:
Անկարայի շահերից է բխում զարգացնել Տրանսկասպյան միջանցքն՝ օգտագործելով Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտային լոգիստիկան: Ադրբեջանը վերածվում է կապող կամրջի` Արևելք-Արևմուտք ուղղությամբ ու նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է նաև տարանցիկ միջանցքի` թյուրքական աշխարհի համար:
Փաստորեն, դրան զուգահեռ թուրքական կողմը ցանկանում է տրանսպորտային կապերը սերտացնել նաև ՌԴ-ի հետ՝ օգտագործելով այդ երկրի ջրային տարածքը Կասպից ծով դուրս գալու համար:
Թուրքիայի համար, սակայն, առանցքային է մնալու Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքը, որը դուրս է մնալու ՌԴ-ի ու Իրանի հսկողությունից և Անկարան կախվածություն չի ունենալու ռուսական և իրանական կողմերից: Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Բաքուն միլիարդներ է ներդրել Վրաստանով դեպի Թուրքիա ելքեր ունենալու համար:
Անկարայի համար Կենտրոնական Ասիան՝ Մեծ Թուրանի առանցքային հատվածն է, այստեղ են կենտրոնացած նավթագազային ահռելի ռեսուրսներ, ինչպես նաև թյուրքախոս աշխարհը: Էրդողանի համար պանթուրքիզմի և պանիսլամիզմի գեոպոլիտիկ ծրագրերն ակտուալ են, իսկ Արևմուտքը ցանկանում է օգտագործել թյուրքական առանցքի երկրները՝ ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու և տարածքային ամբողջականությանը սպառնալու համար՝ ունենալով ազդեցության լծակներ:
ՌԴ-ն և Իրանը շրջանցող բոլոր նախագծերը բխում են Արևմուտքի շահերից այդ առումով Թուրքիան Կովկասում, Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում իր շահերին զուգահեռ ակամա սպասարկում է նաև Արևմուտքի շահերը:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի


























Comments