Սև ծովում ՌԴ-ի դեմ ձևավորվում է թուրք-ուկրաինական ռազմական դաշինք․ վերլուծական

Ուկրաինայի զինված ուժերը շուտով ստանալու են թուրքական արդիական Bayraktar-ТВ2 հարվածային անօդաչուներ: Բացի այդ, Թուրքիան ռազմանավ է կառուցում Ուկրաինայի համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ Կիևը ցանկանում է հետ վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը, իսկ Թուրքիան, ինչպես Կովկասում պատրաստում էր ադրբեջանանական բանակը, այժմ ուկրաինական զինված ուժերն է արդիականացնում ընդդեմ Մոսկվայի գեոպոլիտիկ շահերի:
Ուկրաինան ցանկանում է կիրառել Թուրքիայի ռազմական փորձն արցախյան 44-օրյա պատերազմում այդ թվում ԱԹՍ-ների կիրառությունը, ընդդեմ Դոնբասի, որտեղ ամեն օր կարող է լայնածավալ պատերազմ սկսվել:
Նշենք, որ Ուկրաինան ունի եվրաատլանտյան ձգտումներ և փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ հարցում աջակցում է պաշտոնական Կիևին: Ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ Թուրքիան Ուկրաինան դարձնում է Սև ծովում և ռուսական սահմանների երկայնքով հակառուսական պլացդարմ:
Այդ առումով, Արևմուտքի և Թուրքիայի շահերը համընկնում են մեծ գեոպոլիտիկ խաղում Ուկրաինան վերածվում է խաղատախտակի մեծ տերությունների համար: Տնտեսական տեսանկյունից, Ուկրաինայի շուկան հետաքրքիր է թուրքական բիզնեսի համար, իսկ Թուրքիայի 80 միլիոնանոց շուկան ուկրաինական բիզնես համար շանս է: Երկրները Սև ծովում հարևան են, իսկ Ղրիմի հարցում Կիևի և Անկարայի դիրքորոշումները համահունչ են․ կողմերը չեն ճանաչում թերակղզու միավորումը ՌԴ-ի հետ:
Թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությունն ընդլայնվելու է, քանի որ Արևմուտքը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Սև ծովից սահմանափակել ռուսական սևծովյան նավատորմի հնավորություններն ու թուրք-ուկրաինական ռազմական տանդեմն այդ ռազմավարության կարևորագույն տարրերից է:
Ի հակակշիռ դրան, Մոսկվան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերելու Դոնբասին, ինչպես նաև Ղրիմը ռազմական առումով վերածելու է անառիկ ամրոցի՝ ուժեղացնելով թերակղզում սևծովյան նավատորմի հզորությունները:
Սև ծովում Արևմուտք-ՌԴ շահերը շարունակելու են բախվել, քանի որ Ուկրաինան և Վրաստանը ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչն անընդունելի է ռուսական կողմի համար:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի























Comments