Թուրքիա-Արևմուտք առճակատում. Էրդողանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 երկրի դեսպանի

Թուրքիայի նախագահը երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը կարգադրել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Թուրքիայում տասը երկրների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին:
Միջազգային հանրությունը կոշտ արձագանք տվեց Էրդողանի որոշմանը, որի պատճառն այդ տասը պետությունների պահանջն էր՝ ազատ արձակելու արդեն 4 տարի բանտում գտնվող հայտնի հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային։
Օսման Քավալան տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ 2016 թվականին Թուրքիայում մի շարք հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել, որոնց կազմակերպման մեջ մեղադրվել է նաև Քավալան։ 2017 թվականին նա ձերբակալվել է:
Օսման Քավալան մեծ ներդրում է ունեցել Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքի զարգացման գործում: Նա իր ակտիվ գործունեությունն այս ոլորտում սկսել է 1990-ականներից։
Օսման Քավալայի գործով հերթական դատական լսումները տեղի կունենան նոյեմբերի 26-ին:























Comments