top of page

Թուրքիա-Ադրբեջան տանդեմը՝ Իրանի գեոպոլիտիկ մրցակից

Sep 24, 2021
2 min read

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնական այցով հրավիրել է Իրան:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թեհրանում կանցկացվի Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:


Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին հրավիրում է Թեհրան կոշտ զրույցի ՝ ելնելով Հարավային Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից՝ Հայաստանի, Արցախի և Իրանի նկատմամբ:


Նշենք, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամրապնդել է իր դիրքերն Ադրբեջանում՝ դե ֆակտո կլանելով այդ երկիրն ու այն վերածելով թուրքական մարզի՝ Կասպից ծովի ափին:


Թուրքական գեոպոլիտիկ դիրքերի ուժեղացումն իրանական սահմանների երկայնքով անհանգստացնում է Թեհրանին: Թեհրանը, ի պատասխան Անկարա-Բաքու տանդեմի համատեղ զորավարժությունների ու ռազմական դաշինքի ամրապնդման, լայնածավալ զորավարժություններ է սկսել իրանա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Բացի այդ, Իրանը դժգոհություն էր հայտնել Սյունիքում գրանցված միջադեպի առնչությամբ, երբ ադրբեջանցիները գումար էին գանձել իրանցի վարորդներից: Բաքուն ցանկանում է կտրել Հայաստան-Իրան «կյանքի ճանապարհը», որն անցնում է Հայաստանի «ողնաշարը» համարվող Սյունիքով: Չմոռանանք, որ Բաքվից ժամանակ առ ժամանակ հնչում են տարածքային պահանջներ՝ նկրտումներ Իրանական Ադրբեջանի ուղղությամբ, ինչն Իրանի համար «կարմիր գիծ» է:


Չնայած առկա գեոպոլիտիկ հակասություններին և տարածաշրջանային մրցակցությանը՝ Իրանը զարգացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ՝ էներգետիկ, տրանսպորտային, առևտրային ոլորտներում, ինչպես նաև Ադրբեջանի հետ: Իրան-Ադրբեջան երկաթգիծ է կառուցվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում․ իրանական բազմաթիվ ընկերություններ ներկայացված են Ադրբեջանում:


Իրանը ցանկանում է զարգացնել կապերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ իր արևմտյան սահմաններն ապահովագրելու համար, ինչպես նաև պահպանել իր ազդեցությունը շիական Ադրբեջանում, որտեղ աստիճանաբար ուժեղացվում է սուննիական տարրը:


Հիշեցնենք, որ Իրանին անհանգստացնում են Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռյակի խորացող կապերը, քանի որ Իսրայելն Իրանի թիվ մեկ հակառակորդն է, որը զինում է Ադրբեջանը և խորացնում կապերը Թուրքիայի հետ:


Իրանի շուրջ ստեղծվում է հակաիրանական կոալիցիա, որին անդամակցում են Արևմուտքի՝ Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ գտնվող Թուրքիան և իսրայելա-բրիտանական ազդեցության տակ գտնվողԱդրբեջանը: Իրանին ցանկանում են զրկել Հայաստանի հետ ընդհանուր սահմանից՝ կտրել Կովկասից, ինչը, իհարկե, առաջացնելու է Իրանի կոշտ՝ հնարավոր է նաև ռազմական արձագանքը:


Թուրքիան և Իրանը, Իրանն ու Ադրբեջանը զարգացնելու են տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ լինելու է Իրանի գեոպոլիտիկ մրցակիցը՝ Կովկասում, Կասպյան տարածաշրջանում և թյուրքախոս Կենտրոնական Ասիայում:


Անկարան կառուցում է նոր Օսմանյան կայսրություն՝ սուննիական կայսրություն, որի սահմանները Հյուսիսային Աֆրիկայից ձգվելու են մինչև Աֆղանստան, իսկ Թեհրանը Մեծ Մերձավոր Արևելքում կառուցում է pax iranica-ն՝ շիական, իրանական աշխարհ, որը տարածվում է Եմենից մինչև Լևանտ՝ Սիրիա և Լիբանան:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page