top of page

Թուրքիան և Ադրբեջանը գնում են դեպի միասնական պետություն

  • Oct 25, 2021
  • 2 min read


Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 26-ին կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին կմեկնի Թուրքիա՝ Ստամբուլում հանդիպում անցկացնելու իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Արցախյան 44-օրյա պատերազմն անկյունաքարային իրադարձություն էր թուրք-ադրբեջանական հարաբերություններում:

Թուրքիան ակտիվ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ինչի արդյունքում Բաքուն կարողացավ հսկողություն սահմանել Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի նկատմամբ՝ օկուպացնելով նախկին ԼՂԻՄ-ի զգալի մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը: Պատերազմի արդյունքներով ստորագրվեց Շուշիի հռչակագիրը, որով հիմք դրվեց Թուրքիա-Ադրբեջան միասնական պետության ստեղծմանը: Շուշիի հռչակագիրն ամրագրում է երկկողմ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային դաշինքը, անգամ թուրքական և ադրբեջանական սփյուռքի ներուժների միավորումը: Ադրբեջանի զինված ուժերը դե ֆակտո վերածվեց Թուրքիայի զինված ուժերի կովկասյան ստորաբաժանումներից մեկի: Անկարան և Բաքուն հաճախակիացրել են համատեղ զորավարժությունները՝ տարածաշրջան հրավիրելով նաև սուննիական միջուկային տերություն Պակիստանին, որը վերջերս մասնակցեց թուրք-ադրբեջանական զորավարժություններին: 44-օրյա պատերազմից հետո Բաքուն և Անկարան փոխում են օկուպացված տարածքների տնտեսական, էթնիկ-կրոնական դեմքը: Տնտեսական առումով մերձարաքսյան շրջաններում Բաքուն սկսել է լոգիստիկ հզորություններ ստեղծել՝ ճանապարհներ, օդանավակայաններ կառուցել: Դրան զուգահեռ վերականգնվում են մզկիթներ, կառուցվում են նորերը․ Ալիևը Հադրութում արդեն մասնակցել է մզկիթի հիմնարկեքի: Թուրքիայի համար մերձարաքսյան շրջաններն ունեն ռազմավարական նշանակություն: Այնտեղով պետք է անցնի, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքը, որով Թուրքիան Նախիջևանի և Սյունիքի միջոցով կապվելու է Ադրբեջանին: Մերձարաքսյան շրջանները, այդ թվում՝ Ֆիզուլին սահմանակցում են Իրանական Ադրբեջանին․ Անկարան և Բաքուն, այդ շրջանները բնակեցնելով ադրբեջանցիներով և բնակվելու համար ստեղծելով տնտեսական և այլ լոգիստիկա, ապագայում

ինտենսիվացնելու են Իրանական Ադրբեջանի և մերձարաքսյան շրջանների փոխադարձ կապերը․ կառուցվելու են կամուրջներ Արաքսի վրա, առևտրատնտեսական կապերն են խորացվելու: Թուրք-ադրբեջանական ապագա քաղաքական, տնտեսական էքսպանիան Իրանական Ադրբեջանում անհանգստացնում է Իրանին: Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են պանթուրքական օղակի մեջ վերցնել Հայաստանը՝ Սյունիքի մարզն ու Իրանի հյուսիսային՝ ադրբեջանաբնակ շրջանները: Թուրքական գործոնի ուժեղացումը Հարավային Կովկասում սպառնալիք է ՌԴ-ի, ՀՀ-ի և Իրանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը: Թուրքական գործոնի ուժեղացումը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում բխում է Արևմուտքի շահերից: Արևմուտքը թուրքական գործոնի միջոցով թուլացնելու է ռուսական, իրանական և չինական դիրքերը տարածաշրջանում: Արտյոմ Բալասանով



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page