top of page

Թուրքիա-Ուկրաինա-Վրաստան՝ ՌԴ-ի դեմ ուղղված սևծովյան դաշինք

  • Oct 6, 2021
  • 1 min read

ree


Թուրքիան աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:


Թուրքիան՝ ի դեմս Վրաստանի և Ուկրաինայի, ունի ռազմավարական դաշնակիցներ Սև ծովում և Կովկասում․ այդ երկրներն Անկարան օգտագործելու է իր պանթուրքական, նեոօսմանական շահերը կյանքի կոչելու համար: Թուրք-ուկրաինական հարաբերությունները վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են: Թուրքիան և Ուկրաինան բանակցում են ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Դրան զուգահեռ՝ Անկարան և Կիևը զարգացնում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությունը:


Այս պահին Թուրքիան և Ուկրաինան իրականացնում են ավելի քան 30 համատեղ նախագիծ ռազմական և ավիացիայի ոլորտներում: Հիշեցնենք, որ Անկարան բայրաքթարներ է մատակարարում Կիևին:


Ուկրաինան և Թուրքիան 2019թ. Օդեսայի մերձակայքում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անկացրել: Գեոպոլիտիկ առումով թուրք-ուկրաինական դաշինքն ուղղված է Սև ծովում ռուսական դիրքերի թուլացմանը: Անկարան չի ճանաչում Ղրիմի թերակղզու միավորումը ՌԴ-ի հետ: Պանթուրքական և նեոօսմանական ուղենիշներով շարժվող Անկարայի համար Ղրիմն օսմանական ժառանգություն է, իսկ Ղրիմի թաթարները՝ թուրքական աշխարհի մասնիկը:


Ինչ վերաբերում է Թուրքիա-Վրաստան հարաբերություններին, ապա դրանք զարգանում են էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական, ռազմական ոլորտներում: Այս օրերին Թբիլիսիում տեղի են ունենում թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ զորավարժություններ: Թուրքիայի համար Վրաստանը պատուհան է դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա: Վրաստանի տարածքով են անցնում թուրքական տնտեսության համար մեծ կարևորություն ունեցող նավթագազամուղերը, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Թուրքիան տնտեսական և ժողովրդագրական էքսպանսիա է իրականացնում Աջարիայում: Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:


Այսպիսով, Թուրքիա-Ուկրաինա-Վրաստան դաշինքն ուղղված է Սև ծովում ռուսական գեոպոլիտիկ, ռազմաքաղաքական դիրքերի թուլացմանը, Սև ծովը՝ ՆԱՏՕ-ական ծովի վերածելուն, ինչպես նաև թուրքական գեոպոլիտիկ շահերի առաջ մղմանը: Վրաստանը և Ուկրաինան ունեն ՆԱՏՕ ու ԵՄ մտնելու ցանկություն, ինչպես նաև լրջագույն գեոպոլիտիկ խնդիրներ ՌԴ-ի հետ: Նրանք հենվում են թուրքական ռազմաքաղաքական, տնտեսական ներուժի վրա՝ Մոսկայից իրենց կախվածությունը թուլացնելու համար: Արևմուտքի շահերից է բխում Սև ծովում և կովկասյան տարածաշրջանում թուրք-վրաց-ուկրաինական դաշինքի, կոալիցիայի ձևավորումը:



Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page