top of page

Ուկրաինան և Ադրբեջանը կառուցում են Սև ծով-Կասպից ծով միջանցքը

  • Oct 13, 2021
  • 1 min read

ree

Ադրբեջանը հունվար-սեպտեմբեր ամիսներին Ուկրաինա է արտահանել 320 միլիոն դոլարի նավթ:


Ուկրաինան և Ադրբեջանը զարգացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական: Ուկրաինայի համար կարևոր են ադրբեջանական նավթագազային ռեսուրսները՝ ռուսական գազից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար:


Դրան զուգահեռ, Ուկրաինան տարիներ շարունակ զենք և զինամթերք է վաճառել Ադրբեջանին․ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը կարևոր է Կիևի և Բաքվի համար: Կիևի համար Ադրբեջանը վճարունակ գնորդ է, իսկ Բաքուն ցանկանում է ձեռք բերել ուկրաինական զինատեսակներ՝ դիվերսիֆիկացնելով իր ռազմական գնումների աշխարհագրությունը:


Ուկրաինայի համար Ադրբեջանը ելք է դեպի Կենտրոնական Ասիայի՝ նավթով ու գազով հարուստ տարածաշրջաններ: Կիևի շահերից է բխում Սև ծով-Կասպից ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը Կովկասն Ուկրաինայի տարածքով կապելու է Եվրոպային:


Նշենք, որ ադրբեջանական SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնք: Երկրները պլանավորում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել երկու միլիարդ դոլարի: SOCAR Energy Ukraine-ի ներդրումներն Ուկրաինայում գերազանցել են 304 միլիոն դոլարը, SOCAR բրենդի ներքո Ուկրաինայում գործում է 60 լցակայան և 4 նավթային պահեստ:


Չմոռանանք, որ Ուկրաինան և Ադրբեջանն անդամակցում են ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը, որը համագործակցության լրացուցիչ հարթակ է: ՎՈւԱՄ-ը հետխորհրդային տարածքում ռուսական գեոպոլիտիկ ազդեցությունը զսպելու հարթակ է, որի գործունեությամբ հետաքրքրված է Արևմուտքը՝ որպես այլընտրանք ԵԱՏՄ-ին:


Այսպիսով, ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած են պրագմատիկ տնտեսական շահերը, որոնց վրա էլ կառուցվում են քաղաքական հարաբերությունները: Ուկրաինան հետաքրքրված է ադրբեջանական նավթով, գազով և ներդրումներով, Ադրբեջանն ուկրաինական ռազմական արդյունաբերության արտադրանքի գնորդ է, իսկ արտաքին քաղաքական ուղենիշների առումով Կիևն ու Բաքուն ունեն մեծ կախվածություն Արևմուտքից: Իր հերթին, Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական մեծ շուկայով՝ իր էներգակիրների և այլ ապրանքների սպառման համար, իսկ ուկրաինական ռազմական արտադրանքը Բաքվի կողմից կարող է օգտագործվել արցախյան ճակատում:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page