Թուրք-ուկրաինական տանդեմն ուղղված է Ռուսաստանի դեմ
- Aug 24, 2021
- 1 min read
Updated: Aug 25, 2021

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է նախագահ Ռեջեփ Էրդողանը ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կիևում մասնակցել է «Ղրիմյան հարթակի» առաջին հանդիպմանը:
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի թերակղզու միավորումը ՌԴ-ին՝ Ղրիմը համարելով Ուկրաինայի անբաժանելի մաս: Անկարան այդ քայլին է դիմում ոչ թե ուկրաինական շահերից, այլ սեփական, պանթուրքական նկրտումներից ելնելով:
Ղրիմի միացումը ՌԴ-ին փոխել է ռազմաքաղաքական ստատուս-քվոն Սև ծովում հօգուտ ՌԴ-ի, ինչն անհանգստացնում է ՆԱՏՕ-ի անդամ, սևծովյան երկիր Թուրքիային: Օսմանյան կայսրության շրջանում Ղրիմի խանությունն ենթարկվում էր Օսմանյան կայսրությանը։ Այսօր Ղրիմում բնակվում են թաթարներ, որոնց Անկարան համարում է հայրենակիցներ: Թուրքիայում բնակվում է Ղրիմի թաթարների մեծաթիվ համայնք: Ղրիմի թաթարների տարբեր կազմակերպություններ վայելում են Թուրքիայի իշխանությունների աջակցությունը: Անկարան Ղրիմն ընկալում է, որպես թուրքական աշխարհի մաս` Օսմանյան կայսրության ժառանգություն: Թուրքիայի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության համար արտաքին քաղաքական ուղենիշներն են պանթուրքիզմը, պանիսլամիզմն ու նեոօսմանականությունը: Այս համատեքստում Թուրքիան աջակցում է Ուկրաինային, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, վաճառում է Կիևին «Բայրաքթար»-ներ, որոնք ապագայում օգտագործվելու են Դոնբասում ռուսական շահերի դեմ:
Թուրքիայի համար Ուկրաինան հակառուսական պլացդարմ է, որի վրա հենվելով Անկարան առաջ է մղելու իր Աշխարհաքաղաքական շահերը սևծովյան տարածաշրջանում Ուկրաինան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև պայքարել Ղրիմում իր դիրքերի վերականգման համար:
Թուրք-ուկրաինական տանդեմի ձևավորումը բխում է Արևմուտքի շահերից, քանի որ այդ տանդեմն ուղղված է լինելու ՌԴ-ի և ռուսական գեոպոլիտիկ դիրքերի ամրապնդման դեմ:
Թուրքիայի համար ուկրաինական գրեթե 50 միլիոնանոց շուկան նաև տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում: Ռազմաքաղաքական ընդհանուր շահերն առաջ են մղելու նաև Անկարայի և Կիևի միջև տնտեսական նոր օրակարգեր:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments