Ուզում ենք 30 տարվա շրջափակումից դուրս գա՞լ, թե ոչ․ Քոչինյանը՝ հայ-ադրբեջանական երկաթուղու մասին
- Feb 16, 2022
- 1 min read

Հայաստան-Ադրբեջան երկաթուղու կառուցումն այս պահին տեխնիկական առաջադրանքի կազմման փուլում է։ Դրանք կազմելուց հետո նախագիծը կլինի, որից հետո էլ արդեն շինարարությանը կանցնեն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, երկաթուղու վերականգնման աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման նախագիծի մասին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման նախագիծը հետաքրքրել է ներդրողներին: Եվ կան միջազգային դոնորներ, որոնք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել տարածքում երկաթուղային ճյուղի վերականգնման գործում։
«Տեխնիկական առաջադրանքն առաջիկայում ավարտված կարող ենք համարել։ Որից հետո արդեն մրցույթ հայտարարելու փուլն է, հետո արդեն երկու երկրների միջև քաղաքական որշումներ, փաստաթղթեր կստորագրվեն»- ներկայացրեց նա։
Այս պահին երկու ուղղությամբ է աշխատանք տարվում՝ Երասխ-Նախիջևան, որտեղ իրականում երկաթուղու կառուցման համար փոքրածավալ աշխատանքներ են պետք, և Մեղրի-Հորադիս։
«Սկզբունքորեն, եթե երկաթգիծը կառուցվի, նույն ճանապարհով կարող են և՛ բեռնատարներ գնալ և՛ մարդատարներ։ Բայց ես կարծում եմ, որ ուղևորափոխադրումներ չեն լինի, այդքան գնացող-եկող չի լինի,որ մարդատար գնացք աշխատի։ Պատկերացրեք, ես կամ դուք ուզում ենք Երևանից Մեղրի գնալ այդ գնացքով, պատրա՞ստ ենք Նախիջևանով մի քիչ վախվխելով անցնել, թե չէ։ Նախկինում էլ Երևան-Բաքու գիծ կար, բայց շատ սահմանափակ թվով մարդիկ էին այդ գնացքից օգտվում»,-նշեց Քոչինյանը։
Դիտարկմանը, թե շատերը մնում են այն համոզմանը, որ թշնամու հետ բարեկամանալու եզրեր գտնել պետք չէ՝ մասնագետն արձագանքեց․ «Մենք 30 տարի է՝ շրջափակման մեջ ենք, ուզո՞ւմ ենք շրջափակումից դուրս գալ, թե ոչ, իմ կարծիքով՝ պետք է դուրս գանք, որովհետև միայն դժվարությունների առաջ ենք կանգնում․ առանց ռիսկի էլ աշխարհում ոչինչ չկա»։
Քոչինյանի խոսքով՝ ռիսկերն ու շահերը ճիշտ գնահատել է պետք։ Ստեղծված վիճակը նա համեմատեց բազմաթիվ անհայտով խնդրի հետ։ «Վախենամ՝ չգտնենք էդքան խելոքներ, որ կարողանան անհավասարման և բոլոր հարցականների պատասխաները տալ»։ Լիաննա Թորոսյան


























Comments