ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանն արդարացվել է

ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանը դատարանի որոշմամբ ճանաչվել է անմեղ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Վաչագան Ներսեսյանի գործով դատավճիռը՝ արդարացնելով նրան և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ ՊՆ գնդապետ Վաչագան Ներսեսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի և 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով պետի կամ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պետի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ներսեսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,անցել էր պաշտոնեական լիազորությունների սահմանը՝ ՊԲ հրամանատարի 01.05.2013թ.թիվ N հրամանի հիմքով զորամասի ֆինանսական ծառայության պետ հանդիսացող,մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905203 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, ըստ նախաքննական մարմնի, ծառայության նկատմամբ դրսևորել էր անփույթ վերաբերմունք,ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝պետությանը պատճառվել է 9740630.8 ՀՀ դրամի վնաս։ Քրեական գործով անցնող մյուս մեղադրյալին՝ Արթուր Ներսեսյանին, որը Վաչագան Ներսեսյանի հարազատ եղբայրն է, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Դատաքննության ընթացքում Վաչագան Ներսեսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ եղբայրը՝ Արթուր Ներսեսյանն ընդունել է մեղքը և նշել, որ զղջում է։
Համադրելով դատարանում ներկայացված՝ ամբաստանյալների և գործով վկաների ցուցմունքները, դատարանը եկել է այն եզրահանգման, որ ապացույցների համադրումը թույլ չի տալիս դատարանին հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան գալ հետևության, որ Վաչագան Ներսեսյանի կողմից կատարվել են նրան մեղսագրվող գործողությունները։ Դատարանը ապացուցված չի համարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով մեղադրանքը՝ նշելով, որ մեղադրանքն անորոշ է, կոնկրետացված չէ։ Ընդ որում, դատաքննության փուլում մեղադրանքի անորոշությունը հանգեցրել է նրան, որ մեղադրողը ինքն էր բանավոր հայտարարությունների և հարցերի ընթացքում ձևակերպում այն ենթադրյալ գործողությունները, որոնք ըստ մեղադրողի պարտավոր էր իրականացներ ամբաստանյալը և պաշտպանական կողմը պաշտպանվում էր այն ձևակերպումներից, որը մեղադրողի խոսքից կարողանում էր կռահել։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը Վաչագան Ներսեսյանի մասով կայացրել է արդարացման վճիռ՝ հռչակելով նրա անմեղությունը։ Ինչ վերաբերում է Արթուր Ներսեսյանին, ապա դատարանի որոշմամբ Արթուր Ներսեսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում և դատապարտվել չորս տարվա ազատազրկման, սակայն պատժից ազատվել է համաներմամբ։
Իսկ Արթուր Ներսեսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով, որով Ներսեսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն պատիժը չի կիրառվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։























Comments