top of page

Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. Մելիքյանն իր պաշտոնից ազատման մասին

  • Jul 26, 2021
  • 2 min read


Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Վահագն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ահա և վերջ…գուցե կասեն մարդկանցից շատ շատերը։ Բայց ոչ ես և ինձ ճանաչող մարդիկ։


Կանգնած լինելով նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման ակունքներում, 30 երկարուձիգ տարիների ընթացքում առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետությունը մեկն է, իշխանությունները՝ փոփոխվող։


Ազգային պետությանը ծառայելը ծանրագույն ու դժվարին պարտականություն է, գիտակից ծառայությունն՝ անմնացորդ նվիրում, անսահման համբերատարություն, բազում զրկանքներ ու սահմանափակումներ, ուժեղ դիմադրողականություն, խորը հավատ՝ ձեռնարկածդ և ձեռնարկելիք քայլերիդ հաջողության, կշռադատված վերլուծություն ու գնահատական չարածներիդ ու անհաջողություններիդ նկատմամբ, աննկուն կամք ու անհաղթահարելին հաղթահարելու պատրաստակամություն պահանջող բարձր պատասխանատվություն։ Սա է ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈւԹՅԱՆ իմ ընկալումը։ Իմ պետությանը ես ծառայել եմ և դեռ ծառայելու եմ հենց այդ գիտակցությունից ելնելով։

Անցած ճանապարհս միշտ չէ, որ հարթ է եղել։ Այսօր, կյանքի այս հանգրվանում, հետադարձ հայացք նետելով այդ ճանապարհի տարբեր հատվածներին, հանգիստ խղճով և առանց երկմտանքի կարող եմ ասել, որ կատարել եմ իմ առջև դրված առաջադրանքներն ու պարտավորությունները, չեմ ընկրկել դժվարություններից ու բարդություններից, չեմ զլացել բարձրաձայնելու անարդարության, սրիկայության, կեղծիքի ու կեղծավորության, բանսարկության, երկերեսանիության և նմանտիպ այլ եղկելի արարքների մասին, չեմ թաքնվել սրա կամ նրա թիկունքում, եղել եմ պարզ ու շիտակ՝ շատ դեպքերում քաջ գիտակցելով, որ անարժաններն այլ վերաբերմունքի են արժանի, սակայն, մշտապես լինելով անուղղելի լավատես, այնուամենայնիվ մտածել եմ այդ տեսակին երկրորդ, իսկ որոշ դեպքերում երրորդ հնարավորություն տալու մասին։ Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. սա պատմական մեծ փորձություն անցած աքսիոմա է։ Նրանք երբեք չեն կարող կռվել կամ նույնիսկ խոսել դեմ դիմաց՝ աչքերի մեջ ուղիղ նայելով։ Նրանցը` դավադիրն է, ստորաքարշությունը, պնակալիզությունը, երախտամոռությունն ու սողունակերպ ապրելը:


Կյանքիս անփոփոխ հավատամքն է եղել հավաքականությունն ու միասնականությունը, ամեն ինչ արել եմ համախմբման ու մերձեցման համար։ Չեմ ընդունել բաժանարար գծերն ու պատնեշները, բարբառների հիմքով ազգը տրոհելու ու ցաք ցրիվ անելու դատապարտելի գործողությունները, նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը, մեծամտությունն ու տգիտությունը, ազգային արժեհամակարգի ոտնահարումն ու հային խորթ, արհեստածին օրակարգերի ներմուծումն ու պարտադրանքը, օտարամոլությունն ու հացուկացի մասին անդադար ու անհասկանալի դիտարկումները։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու»։

։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page