top of page

Վահան Քերոբյանն ո՞վ է, որ նման որոշում կայացնի․ փաստաբանը՝ չպատվաստվածներին պարգևավճար չտալու մասին

Jul 5, 2021
1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում հայտնել էր՝ հանձնարարել է, որ հուլիսից նախարարության այն աշխատակիցները, որոնք չեն պատվաստվի կորոնավիրուսի դեմ, չեն ստանա պարգևավճար։ Հարցին, թե արդյոք դա աշխատանքային իրավունքի խախտո՞ւմ չէ, Քերոբյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ պատվաստումը պետական քաղաքականություն է։


«Պետական շատոնյաները, քաղաքացիական ծառայողները պետական քաղաքականության իրացնողներն են և, եթե նրանք լավ չեն կատարում իրենց գործը, բնականաբար, դա շատ նորմալ հիմք է, որ նրանց չխրախուսեմ պագևավճարի տեսքով»,- ասել է նա։


MediaHub.am-ի հետ զրույցում աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Սլոյանն, անդրադառնալով Քերոբյանի հայտարարությանը, նշեց, որ այդ քայլը ոչ միայն աշխատանքային օրենսգրքի խախտում է, այլ նաև՝ խտրականություն։


«Եթե օրենքով նման բան նախատեսված չէ, Վահան Քերոբյանն ո՞վ է, որ այդպիսի որոշում կայացնի։ Ցանկացած տարբերակված վերաբերմունք պետք է իրավական հիմք ունենա, առավել ևս, երբ դա վերաբերում է աշխատողներին։ Այսինքն, աշխատողը կարող է հարցնել, թե ի՞նչ իրավունքով կամ հիմքով են նման բան անում»,- ասաց փաստաբանը։


Մեր դիտարկմանը, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կամավորության սկզբունքով է, Սլոյանն արձագանքեց․


«Հետևաբար, եթե ըստ ցանկության է, այդտեղ չի կարող լինել իրավական հիմք, որևէ կապ չկա պատվաստված լինելու և պարգևավճար ստանալու միջև»։


Հարցին, թե այդ դեպքում աշխատողներն ի՞նչ ճանապարհով կարող են պաշտպանել իրավունքները, նա պատասխանեց․


«Կարող են խտրականության դրսևորման փաստը ճանաչելու պահանջով դիմել դատարան և պահանջել, որպեսզի, օրինակ, իրենց էլ տան պարգևավճար։ Այսինքն, եթե գործատուն չի տալիս պարգևավճար մեկին, իսկ մյուսին տալիս է, պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ է այդպես։ Եթե դա պայմանավորված է պատվաստված լինել- չլինելով, ապա կարծում եմ, որ ակնհայտ խտրական վերաբերմունք կա, իսկ խտրականությունն աշխատանքային օրենսգրքով արգելված է»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page