Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր «մարտի 1-ի»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։
Տարբերակ առաջին
Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ընտրական մեխանիզմներով չի կարողանալու վերարտադրվել ու գնում է արկածախնդրության։ Նրա հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է ներքին բախումների։ Լինեին աշխատող պետական ինստիտուտներ, նա վաղուց արդեն մեկուսացված կլիներ։ Բայց հիմա եթեներով խոսելու ժամանակը չէ։ Ունենք այն ինչ ունենք. այս մարդը պատրաստվում է նոր մարտի 1-ի։ Եթե նրա կողքին, նրա շրջապատում, նեղ թիմում դեռևս կան բանական մարդիկ, ապա ասեք նրան, որ կտրուկ փոխի իր խոսքի բովանդակությունը։ Բռնեք նրա ձեռքը։
Տարբերակ երկրորդ
Հասկանալով, որ կորցնում է իշխանությունը, կարող է որոշում կայացնել՝ կեղծել ընտրությունների արդյունքները։ Սա բերելու է ներքին լարվածության կտրուկ աճի, և ուղղակի հնարավոր չէ կանխատեսել հետևանքները։ Ընտրություն կեղծելն այսօր տեխնիկապես դժվար է. կամ դա պետք է արվի որոշ ուժերի հետ նախապես համաձայնեցված, կամ՝ հուսահատորեն բացահայտ։ Դրանից իրականությունը քիչ է փոխվում։ Իշխանության մնալու նրա շանսերը լինելու են չնչին, իր թիմը հայտնվելու է անելանելի վիճակում։
Տարբերակ երրորդ
Հանկարծ վերջին օրերին հասկանալով, որ պարտվում է, կարող է որոշել ռազմական դրություն մտցնել ու հետաձգել ընտրությունները։ Դա կարող է անել իր հավատարիմ ընկերոջ՝ Ալիևի հետ ստվերային համաձայնությամբ՝ սրել վիճակը, մտցնել ռազմական դրություն (դրա դիմաց խոստանալ նոր թղթերի ստորագրում), ու ընտրությունները հետաձգել։ Իհարկե, սա կլինի սեփական պարտության ժամանակավոր հետաձգում՝ շաբաթներ, գուցե` մի քանի ամիս, բայց, միևնույն է, սա կլինի խիստ սահմանափակ ժամանակով ու անխուսափելի վերջաբանով։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ի տարբերություն մինչ նոյեմբեր 9-ի վիճակի, այսօր առկա է լավ ձևավորված ընդդիմադիր համակարգ։ Դա մի հսկայական աշխատող մեխանիզմ է, որը թույլ չի տա Փաշինյանին` միանձնյա ու անհետևանք որոշումներ կայացնել։ Եվ կան մի քանի հարյուր հազար մոտիվացված ու վճռական քաղաքացիներ, որոնք ամբողջապես գիտակցում են իրավիճակի ողջ ռիսկերը և պատրաստ են փրկել երկիրը»։























Comments