Պատրաստակամ եմ այս փուլում առավելագույն ջանքեր գործադրել. Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նշանակվել եմ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Վանաձորի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Վանիկ Օհանյանը՝ շարունակելով.
«Ինչպես գիտեք, առաջիկայում սպասվում են Վանաձոր համայնքի ավագանու, ինչպես նաև խոշորացման ընտրություններ: Մինչև համայնքի բնակիչների քվեով ավագանու ձևավորումը և ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրությունը` պատասխանատու այս փուլում ստանձնել այս պարտականությունները, հավատացեք` բարդ, բայց և մտածված որոշում է, և շնորհակալ եմ իմ թիմին` վստահության համար:
Մեր քաղաքն ու յուրաքանչյուր բնակիչ այսօր կանգնած են կարևոր որոշում կայացնելու խնդրի առջև։ Իբրև վանաձորցի, իբրև իմ բնօրրանն անսահման սիրող մարդ, պատրաստակամ եմ այս փուլում առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի չխաթարվի համայնքապետարանի բնականոն գործունեությունը:
Սիրելի վանաձորցիներ, ինչպես իմ գործունեության ողջ ընթացքում, այսօր ևս համախմբման կոչ եմ անում` վստահ լինելով, որ միայն այդպես կկարողանանք լուծել բոլոր խնդիրները, իսկ այդ ճանապարհին ես ձեզ հետ, իմ թիմի հետ եմ և անվերապահորեն հավատում եմ մեր հաջողություններին ու այն գալիքին, որ բոլորիս երազանքն է:
Հարգանքով` Վանիկ Օհանյան»:























Comments