Հայկը կրկին հաղթելու է ոսոխ Բելին․ Արթուր Վանեցյան
- Jun 7, 2021
- 2 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի կարծիքով՝ առաջիկա 14 օրերին Հայաստանում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես։
«Որպես ազգային անվտանգության գեներալ՝ խոստովանեմ, որ քարոզարշավին մասնակցող ուժերից շատերի ուղնուծուծը գիտեմ, գիտեմ՝ նրանց անբարոյական նկարագիրը»,- այսօր՝ հունիսի 7-ին, դաշինքի քարոզարշավի մեկնարկին ասաց վարչապետի թեկնածուն։
Խոսելով այն մասին, թե ինչու քաղաքացին պետք է հունիսի 20-ին ընտրի «Պատիվ ունեմ» դաշինքը, Արթուր Վանեցյանը նշեց՝ քանի որ իրենք ուժեղ են, արդարամիտ և խոհեմ։
«Վստահե՛ք մեզ, եթե ուզում եք չարի լծից ազատել մեր երկիրը, վստահե՛ք մեզ, եթե հոգնել եք նախկին-ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ և հազարումի անհեթեթ, կործանարար, կեղծ բաժանումներից։ Մեր դաշինքը ձևավորվել է 2018-ին չգնահատված, իսկ հիմա՝ հանրային ափսոսանքի կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունն ու անհայրենիքությունը մի քիչ ուշացմամբ, բայց, այնուամենայնիվ, բացահայտած ձեր խոնարհ ծառայի մասնակցությամբ»,- ներկայացրեց Վանեցյանը։
Նա նշեց, որ իրենց դաշինքում փորձառու, ազգային արժեքներին հավատարիմ «Հանրապետականն» է և նորաստեղծ «Հայրենիք»-ը, որն իր շուրջը հավաքել է հայաստանակենտրոն, պետականության բարձր գիտակցումով նոր սերուցքի զգալի մասը։
«Վստահե՛ք մեզ, եթե կրկին ուզում եք ունենալ ապահով Հայաստան․ մենք կբերենք խաղաղություն, կանխատեսելիություն և զարգացում։ Վստահե՛ք մեզ, եթե ուզում եք, որ ձեր երեխաներն ու թոռները չհարցնեն՝ բա ո՞նց եղավ, որ էսպես եղավ»,- նշեց նա։
Դաշինքի վարչապետի թեկնածուն ասաց, որ օրեր առաջ Արցախում է եղել՝ արնահոսող, խոցված, մոռացված, բայց շատ հարազատ Արցախում։
«Երևի կյանքիս ամենածանր ճանապարհն էր, ամենահուզված զրույցները։ Ոչ մի վատ երազ կամ չար կատակ չի կարող ամբողջությամբ ներկայացնել այն մղձավանջը, որում ապրում ենք մենք։ Շուշիի կողքով անցնող ճանապարհը, որը յուրաքանչյուրի համար հպարտության ու փառքի ճանապարհ էր, այսօր դարձել է վշտի, ցավի ու ցասումի ճանապարհ»,- նկատեց նա։
Արթուր Վանեցյանն ամբիոնից հարց ուղղեց «դավաճան, կապիտուլյանտ» Նիկոլ Փաշինյանին՝ «Դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս»։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը հայրենի հողի համար իրենց կյանքը զոհած հերոսներին զրկել է անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից։
«Դու կործանել ես մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն և մի ամբողջ երազանք»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց՝ հունիսի 20-ն իրենք հաղթահարելու են, հայրենիքը հարատևելու է, անկախության երթն անկասելի է լինելու, «Հայկը կրկին հաղթելու է ոսոխ Բելին», և հայը նոր դյուցազնագրքեր է գրելու իր հավերժի ճանապարհին։


























Comments