top of page

Վարկավորման տեմպերը բարձր են ԿԲ ակնկալիքներից

May 18, 2021
1 min read

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով վարկավորման տեմպերը ավելի բարձր են եղել, քան կանխատեսել է Կենտրոնական բանկը:


Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:


«Բանկերի վարքագիծը 2021-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու: Բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-ասաց Գալստյանը:


Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն:


Խոսելով 2020-ից՝ ԿԲ նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի ազգաբնակչության և բիզնեսի եկամուտները որոշակիորեն նվազել են, և որոշ քաղաքացիներ, տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ՝ իրենց վարկերի սպասարկման հետ կապված: Սակայն, ըստ Գալստյանի, բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելացի քաղաքականություն:


«Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները: Այսինքն՝ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ փորձել են այդ խնդիրները լուծել»,- ասաց Գալստյանը:


Ըստ Գալստյանի՝ բանկերի և հաճախորդների միջև նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռևս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ մինչ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան մինչև համավարակը նախատեսված էր վարկային պայմանագրերով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page