top of page

«Իրանը փորձելու է սահմանափակել թուրքական ներկայությունը հարավային Կովկասում»․ Վարդան Ոսկանյան

  • May 28, 2021
  • 2 min read

ree

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ ՀՀ կատարած պաշտոնական վերջին այցից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Իրանի հետ քննարկումները կրում են ռազմավարական բնույթ։


Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, վերջին ամսվա ընթացքում երկու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են եկել Հայաստան։ Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո հատկապես, իրանցիները չափազանց շահագրգիռ են, որ Հայաստանն ունենա այլընտրանքային ճանապարհ, որն, ըստ էության, կարող է օգնել բացառելու «Բաքվի բռնապետի» կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման մասին սպառնալիքները։


«Իրանցիները խիստ շահագրգիռ են ՀՀ Սյունիքի մարզում տնտեսական ակտիվ ներկայություն ունենալու հարցով։ Նրանք ցանկանում են օժանդակել, որ այս մարզի անվտանգային միջավայրը տնտեսության շնորհիվ փոփոխվի, տեղի բնակչությունը չունենա զբաղվածության հետ կապված խնդիր ու շարունակի ապրել Սյունիքում՝ իր հողի վրա»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա։


Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, Իրանի մյուս նպատակը վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտուն։ Այս պարագայում, ըստ մասնագետի, Իրանը հեռահար նպատակներ ունի՝ ուղղված ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները չեզոքացնելուն։


«Բացի այդ Իրանը նպատակ ունի Ջուլֆա-Հին Ջուղա-Երասխ երկաթգիծ ստեղծելու։ Տարածաշրջանային ապաշրջափակման գաղափարի ներքո իրանցիները փորձում են նաև սեփական շահերը հետապնդել։ Այդ համատեքստում, դա Իրանի համար կարող է լինել երկաթուղային ելք դեպի Վրաստան ու Ռուսաստան։ Իրանը նպատակ ունի, որ հյուսիս-հարավ տրանսպորտային կապում Հայաստանը ներգրավված լինի, իսկ Նախիջևանի հատվածում բացվի երկաթուղի, որն իրեն հնարավորություն կտա ապահովել Իրան-Հայաստան երկաթուղակին կապը»,- ներկայացրեց նա։


Ըստ իրանագետի, տարածաշրջանում այժմ նոր իրողություն է, քանի որ Հարավային Կովկասում է հայտնվել Թուրքիան, և այդ պարագայում Իրանն էլ իր հերթին է ցանկանում ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում։


«Իրանական կողմը, սեփական շահերից ելնելով, շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել, որոնցում նշվել է՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը կարմիր գիծ է, որը չպետք է խախտվի»,- նկատեց նա։


Այնուամենայնիվ, Վարդան Ոսկանյանի խոսքով, այս իշանությունն ունակ չէ որևէ դաշնակցի հետ հարաբերություններ զարգացնելուն, թեև, օրինակ՝ իրանցիներն ունեն հեռահար զարգացման ծրագրեր։


«Իրանը գիտի, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի արբանյակն է, և Իրանը փորձելու է սահմանափակել թուրքական ներկայությունը՝ դրանով իսկ սահմանափակելով ադրբեջանական ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Բայց վերջին 3 տարիներին արտաքին հարաբերությունները տարերային էին, և անհասկանալի՝ մեր բարեկամ պետությունների համար։ Իրանում էլ շատ դեպքերում այդ հակասականությունը երբեմն դանդաղեցնում է գործողությունները»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ապա Վարդան Ոսկանյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում խախտվել է եղած ստատուս-քվոն, ուստի առաջացել են բազմաթիվ մարտահրավերներ ու հնարավորություններ։


«Հիմա հայ-իրանական գործակցության նոր հեռանկարներ կան, և դատելով իրանական կողմի շահագրգռվածությունից, հայ-իրանական հարաբերությունները կարող են զարգանալ ռազմաքաղաքական առումով ևս»,- եզրափակեց խոսքը Վարդան Ոսկանյանը։







Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page