top of page

Նման անհարգալից, ցինիկ մոտեցում դատական իշխանության նկատմամբ երբևիցե չի եղել. Ռուբեն Վարդազարյան

  • Sep 11, 2021
  • 3 min read


ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործը կառուցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը հաստատել է, որ իր դեմ միայն նա է ցուցմունք տվել։


Օրերս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այն բաղկացած է երեք հատորից, որին ծանոթանալու համար կողմին տրվել է երկու օր ժամանակ, սակայն սահմանված ժամկետում գործի նյութերին լիարժեք ծանոթանալ հնարավոր չի եղել՝ նկատի ունենալով գործում առկա ձայնագրությունները և այլ էլեկտրոնային նյութեր, ուստի պաշտպանության կողմը միջնորդել է նյութերին ծանոթանալու համար տրամադրել 10-օրյա ժամկետ, ինչը մերժվել է։

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ երկու օրը կարճ ժամկետ էր՝ գործի նյութերին ծանոթանալու, փաստաբանների հետ քննարկելու և միջնորդություններ ներկայացնելու համար, ուստի գտնում է, որ իր իրավունքները խախտվել են և որևէ միջնորդություն չի ներկայացրել։


Հարցին՝ գործը դատարան ուղարկվելուց հետո հնարավո՞ր է, որ բարձրացվի քրեական գործի վարույթը կարճելու հարցը՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե բարձրաձայնվել է անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը, Վարդազարյանը նշեց. «Այո, հնարավոր է։ Կանեմ ամեն ինչ, որ քրեական գործը ոչ թե քննվի, այլ՝ կարճվի»։


Դիտարկմանը, որ իր դեմ քրեական հետապնդում հարուցելուց հետո, կարծես թե, դատարանների կարգավիճակը փոխվել է, անգամ մակագրումներն են ձեռքով իրականացվում, Վարդազարյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը հանդիսացել է պատնեշ՝ քաղաքական պատվեր և դատարան հարաբերություններում։


«Ես իմ վրա եմ վերցրել ամբողջ հարվածը և թույլ չեմ տվել, որ դատարանները քաղաքական պատվեր կատարեն, այլ՝ դատարանները զուտ իրավական դաշտում որոշում կայացնելու առաքելություն են իրականացրել։ Այսինքն՝ զուտ արդարադատություն, անկախ՝ քաղաքական պատվերներից։ Այժմ, ես տեղյակ չեմ, քանի որ աշխատանքի չեմ գնում, բայց որքանով ծանոթանում եմ մամուլից, կարծում եմ, որ այժմ ակտիվ փորձ է կատարվում՝ դատական պրոցեսները քաղաքականացնելու և քաղաքական կամքն իրականություն դարձնելու»,- նշեց Վարդազարյանը։


Իսկ թե արդյոք գործերի՝ ձեռքով մակագրման ընթացակարգում կոռուպցիոն ռիսկեր տեսնու՞մ է, Վարդազարյանը նշեց, որ այդտեղ տեսնում է ոչ թե կոռուպցիոն ռիսկ, այլ՝ դատական իշխանության անկախության իսպառ վերացում։


«Դա ամենացինիկ մոտեցումն էր, որը կարող էր տեղի ունենալ։ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման անհարգալից, ցինիկ մոտեցում դատական իշխանության նկատմամբ երբևիցե չի եղել»,- նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ այդտեղ առկա է և՛ կոռուպցիոն ռիսկ, և՛ դատական իշխանության նկատմամբ ճնշում։


Ինչ վերաբերում է էլեկտրոնային մակագրման համակարգում հնարավոր արտաքին միջամտությանը, Վարդազարյանը նշեց, որ ավտոմատացված պատահականության սկզբունքով մակագրման մեխանիզմը համակարգչային ծրագիր է, որին տվյալներ են տալիս և համակարգիչը պատահականության սկզբունքով մակագրում է, իսկ այն, ինչ հայտնաբերվել է, ըստ Վարդազարյանի, հայտնաբերվել է արխիվային նյութերում, ինչը նշանակում է, որ մակագրման համակարգը կարելի էր թողնել իր տեղում, իսկ արխիվային նյութերը՝ կամ պատճենահանել և հետազոտել, կամ արխիվը վերցնել և քննություն կատարել։


«Ամբողջ մակագրման համակարգն առգրավվել՝ ասելով, որ նախկինում միջամտություն է եղել, դա, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, մանիպուլյացիա»,- նշեց Վարդազարյանը՝ ընդգծելով, որ դատական իշխանությունում դատավորներ կան, որոնք դեռ չեն հանձնվել և շարունակում են արդարադատություն իրականացնել, այլ ոչ թե՝ նոտարի գործառույթ իրականացնել, քաղաքականությամբ ենթադրված դատական ակտեր կնիքել, ինչը նշանակում է, որ կան գործեր, որոնք չպետք է ընկնեն այդ անկախ դատավորների մոտ։


«Իսկ ինչպե՞ս անել, որ հնչեղություն ունեցող կամ կարևոր, էական գործերով, որոնցով հստակ մեղադրական դատական ակտեր են պետք, մակագրվեն այն դատավորներին, որոնք ընդամենը դակելու են այդ դատական ակտերը՝ առանց կարդալու, խորանալու և առանց արդարադատություն իրականացնելու։ Դրա համար պետք է մի մակագրման համակարգ, որ այդ գործերը մակագրվեն կոնկրետ դատավորներին, այլ ոչ թե՝ պատահականության սկզբունքով ընկնեն այն դատավորների մոտ, որոնք անկախ են »,- նշեց Վարդազարյանը։

Իսկ թե արդյո՞ք իր վերաբերյալ քրեական գործը ևս ձեռքով մակագրման արդյունքում կհայտնվի նման դատավորի մոտ՝ Վարդազարյանը վստահություն հայտնեց առ այն, որ, եթե Հայաստանում կա հինգ քրեական գործ, որով պետք է պարտադիր մեղադրական դատական ակտ լինի, ապա իր վերաբերյալ քրեական գործը դրանց մեջ է։ Այդուհանդերձ, նա արդար դատական ակտ է ակնկալում։


« Եթե ես չհավատամ արդարադատությանը և արդար դատական ակտ չակնկալեմ, ապա զուր է իմ այսքան տարվա աշխատանքն այս համակարգում»,- նշեց Ռուբեն Վարդազարյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page