Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենն աշխատակիցներից տեղյակ չէ, բայց ինքը մասնակցելու է Փաշինյանի հավաքին

Քիչ առաջ սոցցանցերում տեսանյութ հրապարակվեց, որին կից գրառմամբ նշվում էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատի աշխատակիցներին ստիպում են գնալ Երևան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հանրահավաքին։
MediaHub.am-ի հետ զրույցում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատի տնօրեն Կարեն Խաչատրյանը հայտնեց, որ ծանոթ է տեսանյութին, սակայն հերքեց լուրը։
«Ո՞վ է ստիպում, ո՞ւմ են ստիպել, տուն ինտերնատը հենց հիմա աշխատում է և աշխատում է հերթափոխով՝ 24- ժամյա ռեժիմով։ Ուրեմն պետք է փակե՞ն տուն-ինտերնատը»,- ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը՝ գուցե խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք այս պահին աշխատանքի մեջ չեն, իրենց հերթափոխը չէ, Խաչատրյանն արձագանքեց․ «Ես չգիտեմ, եթե մարդիկ գնում են իրենց տները, ուր են գնում տնից։ Ե,ս օրինակ, գնում եմ իմ տուն ու դրանից հետո չգիտեմ, թե իմ աշխատողն ուր է գնում, ինչ է անում»։
Նա նաև նշեց, որ տեսանյութը իր ղեկավարած կենտրոնի շրջակայքում չի նկարահանվել և տարածքն էլ իրեն ծանոթ չէ։
Հարցին՝ ինքը մասնակցելո՞ւ է հանրահավաքին, Խաչատրյանը պատասխանեց․ «Անպայման»։























Comments