Իրանը կառուցում է pax iranica` հենվելով շիական աշխարհի և էներգետիկ հզորությունների վրա. վերլուծական
Իրանն Օմանի ծոցի ափին նոր տերմինալ է հանձնել շահագործման, որը թույլ կտա իրանական նավթն արտահանել՝շրջանցելով Հորմուզի նեղուցը: Հորմուզի նեղուցում ծառայություն է իրականացնում ԱՄՆ-ի նավատորմը՝Բահրեյնում է տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմը: ԱՄՆ-ն հսկում է Հորմուզի նեղուցն ու ժամանակ առ ժամանակ խնդիրներ է առաջացնում իրանական նավթային տանկերների համար: Այս քայլով Իրանը չեզոքացնում է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական պետությունների հնարավոր սադրանքները Հորմուզի նեղուցում՝ իրանական նավթային արտահանումների նկատմամբ:
ԱՄՆ-Իրան գեոպոլիտիկ հակասությունները չեն դադարելու՝ԱՄՆ-ն տարածաշրջանում հենվում է Պարսից ծոցի արաբական միապետությունների վրա՝այնտեղ կենտրոնացնելով իր ռազմաբազաները: Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն ռազմա-քաղաքական առումով ներկա էր Իրաքում և Աֆղանստանում՝Իրանը շրջապատելով նաև արևմուտքից և արևելքից: Սակայն Իրանը կարողացավ հակազդել ԱՄՆ-ին՝Իրաքում հենվելով շիական ուժերի վրա, որոնք այսօր Իրաքում մեծ ազդեցություն ունեն՝ռազմական, տնտեսական, հոգևոր ոլորտներում:
Ինչ վերաբերում է Իրանին սահմանակցող Աֆղանստանին, ապա Թեհրանն աշխատում է «Թալիբան» շարժման հետ, ինչպես նաև հենվում է Աֆղանստանում շիական խմբավորումների վրա: Այս առումով ԱՄՆ-ի քաղաքականությունը չեզոքացնելու իրանական գեոպոլիտիկ ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում՝ ձախողվում է: ԱՄՆ դուրս է գալիս Աֆղանստանից, իսկ դա նշանակում է, որ Իրանը շանս է ստանում մեծացնել իր ազդեցությունն Աֆղանստանում:
Նշենք, որ Իրանը ռազմավարական հարաբերություններ է կառուցում Չինաստանի հետ՝բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր ստորագրելով Պեկինի հետ: Իրան-ԱՄՆ գեոպոլիտիկ մրցակցությունը շարունակվելու է՝չնայած Արևմուտքը մեղմացնում է տնտեսական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Այսպիսով, Իրանը կառուցում է իրանական կամ շիական աշխարհ`pax iranica, որը ձգվում է Կենտրոնական Ասիայից, Արաբական թերակղզուց(Եմեն, Ծոցի միապետություններում բնակվող շիական համայնքներ) մինչև Սիրիա և Լիբանան:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments