Թուրքիայի համար Վրաստանը լոգիստիկ միջանցք է դեպի թուրքական աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ղարիբաշվիլին ընդգծել Է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ: Հանդիպմանը նաև ուշադրություն Է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ գործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ:
Թուրք-վրացական հարաբերությունները վերջին 20 տարվա ընթացքում ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով տնտեսական, քաղաքական, ռազմական հարցեր: Թուրքիայի համար Վրաստանը ճանապարհ է դեպի Ադրբեջան, Կասպից ծոց և թյուրքական Կենտրոնական Ասիա: Պատահական չէ, որ թուրք-վրացական հարաբերություններում առաջնահերթությունը տրվել է տրանսպորտային, լոգիստիկ կապերին․ կառուցվում են ճանապարհներ, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:
Անկարայի համար Վրաստանը պատուհան է դեպի Կովկաս։ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, Աջարիայում մեծամասնություն են կազմում սուննի մահմեդականները: Վրաստանի համար կարևոր է թուրքական 80-միլիոնանոց շուկան, բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-երկիր է, իսկ Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն են՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը: Երկկողմ տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը զարգանում են, դրան նպաստում է նաև Ադրբեջանը, որը ռազմավարական դաշնակից է համարվում թե՛ Անկարայում, թե՛ Թբիլիսիում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նավթագազային նախագծեր է կյանքի կոչում Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, TANAP գազամուղ և այլն: Եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, ֆորմատով անցկացվում են համատեղ զորավարժություններ, Անկարան իրականացնում է վրացական և հատկապես, ադրբեջանական բանակների կուրացիան՝ վերազինում է, վերապատրաստում ու իր զինատեսակներն է վաճառում այդ երկրներին:
Նշենք, որ թուրք-վրացական հարաբերություններում առկա են նաև մարտահրավերներ։ Թբիլիսիին անհանգստացնում է թուրքական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիան Աջարիայում: Աջարիայում թուրքերը կառուցում են հյուրանոցներ, մզկիթներ, Բաթումիի օդանավակայանն օգտագործվում է թուրքական ներքին թռիչքների համար: Բացի այդ, Անկարան լոբբինգ է անում թուրք-մեսխեթցիների՝ Ջավախք վերադարձի ծրագիրը, ինչը նպատակ ունի փոխել հիմնականում հայաբնակ Սամցխե-Ջավախքի էթնիկ-կրոնական դեմքն ու Հայաստանը թուրքերով շրջապատել նաև հյուսիսից:
Թուրքիան իր պանթուրքական ռազմավարության մեջ Վրաստանն ընկալում է, որպես կապող կամուրջ Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև: Վրաստանն ունի դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ՝ ցածր ծնելիություն, մեծ արտագաղթ: Այս ֆոնին Վրաստանի տարածքն ապագայում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընկալվելու է, որպես էքսպանսիայի տարածք:
Արտյոմ Բալասանով























Comments