Հայաստան-Իրան լոգիստիկ միջանցքի խաթարումը Բաքվի և Անկարայի գերնպատակն է

Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը:
Իրանի համար կարևոր է ունենալ անխափան լոգիստիկ կապ Հայաստանի հետ և Թեհրանի համար անընդունելի է իրանական բեռների տեղաշարժին որևէ խոչընդոտ ստեղծելու՝ Ադրբեջանի փորձերը:
Նշենք, որ Հայաստանն Իրանի ռազմավարական դաշնակիցն է, բարեկամ պետությունը, և հայ-իրանական կապերի խորացումը բխում է երկկողմ շահերից: Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն Իրանի համար ունեն կենսական նշանակություն՝ Մեծ Թուրանի կամ թուրքական նոր կայսրության ստեղծման վտանգը շարունակում է մնալ ակտուալ: Ինչ վերաբերում է Երևանին, ապա Հայաստանի համար կարևոր է իրանական 80 միլիոնանոց շուկան․ նավթով ու գազով հարուստ Իրանը ՀՀ էներգետիկ անվտանգության հիմքն է:
Տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչման տեսանկյունից Հայաստանի համար կարևոր է Իրանի, ՌԴ-ի և Վրաստանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային, էներգետիկ միջանցքի ստեղծումը: Այն, տնտեսական դիվիդենտներից բացի, ՀՀ-ին նաև գեոպոլիտիկ դիվիդենտներ է տալու՝ բարձրացնելով ՀՀ-ի տարանցիկ դերն ու նշանակությունը հարևանների համար՝ Սև ծով-Պարսից ծոց ուղղության վրա:
Թուրք-ադրբեջանական տանդեմը բոլոր ջանքերը գործադրելու է Սյունիքի ճանապարհները հսկողության տակ վերցնելու և ՀՀ-Իրան կապը խզելու համար:
Այս համատեքստում, ՀՀ-ն պետք է պաշտպանի Սյունիքը, անհրաժեշտության դեպքում՝ նաև հայոց բանակի օգնությամբ: Հայ-իրանական ճանապարհը ՀՀ-ն սնուցող կյանքի ճանապարհ է, կարևորագույն լոգիստիկ միջանցք, որի խզումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայոց պետականության համար: Այսօր Սյունիքում են տեղակայված նաև ռուսական զորքերը, դա Սյունիքի անվտանգության լրացուցիչ գործոն է:
Արտյոմ Բալասանով























Comments