top of page

Անկարան թյուրքական ԵԱՏՄ է կառուցում՝ ձեռնոց նետելով ՌԴ-ին

Sep 28, 2021
1 min read


Թյուրքական խորհրդի հաջորդ հանդիպումը կկայանա 2021թ. նոյեմբերի 12-ին Ստամբուլում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:


Նա նշել է, որ հաջորդ նիստին Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ է ստանալու Թյուրքական խորհրդում: Այս պահին Թյուրքական խորհրդի մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան:


Անկարան թյուրքական ԵԱՏՄ է կառուցում՝ ձեռնոց նետելով առաջին հերթին ՌԴ-ին, ինչպես նաև թյուրքախոս, գազով ու նավթով հարուստ Կենտրոնական Ասիայում գեոպոլիտիկ շահեր ունեցող Չինաստանին: Մեծ Թուրան կառուցելու ճանապարհին Անկարան ստեղծում է հարթակներ․ Թյուրքական խորհուրդն Անկարայի համար իր պանթուրքական, նեոօսմանական, պանիսլամական շահերն առաջ մղելու գործիք է:


Հիշեցնենք, որ Ղազախստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ի անդամ երկրներ են, Ղրղզստանում են տեղակայված ռուսական զորքերն, ու Անկարան փորձում է այդ երկրները դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց:


Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա Անկարային հետաքրքրում են թուրքմենական նավթն ու գազը: Թուրքմենստանը պայմանագիր է կնքել ադրբեջանական SOCAR ընկերության հետ՝ այդ երկրի տարածքով դեպի Թուրքիա նավթ արտահանելու հետ կապված: Անկարան ցանկանում է հսկողություն սահմանել Կենտրոնական Ասիայի նկատմամբ, ինչը հարվածում է նաև Չինաստանին, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդրել այդ թվում Ղազախստանում և Ղրղզստանում: Չինաստանի տնտեսության համար կարևոր են Կենտրոնական Ասիայի նավթն ու գազը:


Թյուրքական խորհրդի միջոցով Անկարան ցանկանում է ամրապնդվել Կասպից ծովի երկու ափերին, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, իսկ ապագայում տարածքային նկրտումներ ունենալ նաև Չինաստանի՝ թյուրքաբնակ Սինցզյան-Ույղուրական շրջանի, Իրանական Ադրբեջանի, ՌԴ-ի՝ թյուրքաբնակ բազմաթիվ մարզերի և հանրապետությունների նկատմամբ (Թաթարստան, Հյուսիսային Կովկաս և այլն):


Այսպիսով, Անկարան թյուրքական աշխարհը միավորելու հայտ է ներկայացրել՝գերտերության վերածվելու համար: Անկարան իր արտաքին քաղաքականությամբ որդեգրել է պանթուրքական, պանիսլամական, նեոօսմանական ուղենիշներ՝ գեոպոլիտիկ շահեր ունենալով Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ ներառյալ Աֆղանստանը:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page