top of page

Ոչ ադեկվատ իշխանության «արկածները»

  • marineyeremyan99
  • Feb 23, 2022
  • 1 min read



Երեկ ապօրինի ու բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդականի 26 անդամ ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ ակցիա իրականացնելու համար: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ բերման են ենթարկել նաև աղջիկներ, անչափահասներ ու պատերազմի մասնակցած տղաներ: Ադրբեջանի պատգամավորների հայաստանյան այցի հետ կապված հանրային տրամադրությունները միանշանակ համարել չի կարելի։


Մի կողմից, դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը ու բնական է, որ մեր հասարակությունը շատ զգայուն է վերաբերում նման նուրբ հարցերին, մյուս կողմից՝ ինքնին հասկանալի է, որ Հայաստանը ու Ադրբեջանը տարբեր միջազգային կազմակերպությունների անդամներ են ու նման փոխայցեր լինելու են։ Բացի այդ, հայերն ու ադրբեջանցիներն այս տարածաշրջանից որևէ տեղ չեն պատրաստվում գնալ ու, բնականաբար, հարևանությունը օբյեկտիվորեն ենթադրում է ուղղակի կամ անուղղակի երկխոսություն։


Սրանով հանդերձ, ընդունում ենք օբյեկտիվ այն իրողությունը, որ մեր հայրենակիցների մեջ կարող են գտնվել մարդիկ, ովքեր հրապարակային ցույցերով, ակցիաներով ընդվզելու են Հայաստան ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ։ Ի դեպ, նման ակցիաներ տեղի են ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում, երբ հասարակական տարբեր խմբեր ընդվզում են միջազգային որևէ միջոցառման, դրա օրակարգի կամ դրան մասնակից տարբեր պատվիրակների դեմ։


Հայաստանի իշխանությունը պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության այն խմբերի դեմ, որոնք բողոքում են իր քաղաքականության դեմ, նաև՝ արտաքին քաղաքականության հարցերում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» օրակարգը բազմաթիվ վիճելի դրույթներ ունի։


Ի վերջո, տարօրինակ է, որ Փաշինյանի թիմը խաղաղության է ձգտում երկրի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող հարևան պետությունների հետ, սակայն երկրի ներսում կառուցում է նոր բարիկադներ։ Ի դեպ, սա ամենից շատն է վնասում Փաշինյանի հռչակած «խաղաղության» օրակարգին։


Վահրամ Բագրատյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page