Մեծ քայլ՝ կյանքեր փրկելու և բժշկական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ․բացառիկ փոխպատվաստում ՀՀ-ում
- Jul 27, 2021
- 1 min read

«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որը Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, հաջող է անցել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` բժշկագիտության տեսանկյունից սա շատ կարևոր քայլի սկիզբ է։ «Սրանով մենք Հայաստանում երկու խնդիր ենք լուծում։ Մեկը՝ նախ մեր քաղաքացիները, որոնք, դժբախտաբար, հնարավոր է իրենց կյանքի ընթացքում բախվեն նման առողջական խնդիրների, այլևս կարիք չեն ունենա մեկնել արտերկիր՝ իրենց առողջությունը և կյանքը փրկելու համար։ Մյուսը՝ մենք սրանով բժշկական տուրիզմի տեսանկյունից մեծ քայլ կունենանք, որովհետև մեր լոկալ գնագոյացումը թույլ կտա միջազգային շուկայում բավականին մրցունակ լինել»։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հայտնեց, որ սա իրենց տասնամյակների երազանքն էր․ արտասահմանցի 10 երեխաների փոխպատվաստման պայմանագիր ունեն, որից 2-ն արդեն հաջողությամբ իրականացվել է։

Երեխաներից մեկը 5 տարեկան է Նիգերիայից, իսկ մյուսը՝ 1.8 տարեկան, Կամերունից։ Առաջինի դեպքում դոնորը զույգ քույրն է եղել, իսկ մյուսի դեպքում՝ 12-ամյա եղբայրը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հայ պացիենտների շրջանում երբ է նախատեսվում նման միջամտություն իրականացնել։ Ի պատասխան՝ բժիշկները նշեցին․ «Հայաստանում չունենք մանգաղաձև բջջային անոմիա, քանի որ մենք գենետիկորեն չենք հիվանդանում այդ հիվանդությամբ»։
Comments