top of page

Հայկական խոհանոցի զարդ ղափաման աշխարհում կշրջի նամականիշի միջոցով

May 17, 2021
2 min read

«Հայփոստը» մարեց և շրջանառության մեջ դրեց «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմայով նամականիշը: 300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «ղափամա» ուտեստը:


Մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 17-ին «Մեգերյան կարպետ»-ում: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:


«Նամականիշներն ամբողջ աշխարհում պատմում են մեր մշակույթի մասին, իսկ հայկական խոհանոցն այդ մշակույթի մի կարևոր մասն է: Այն ներկայացնում է մեր ազգի, ժողովրդի պատմությունն ու ավանդույթները»,-ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և հավելեց, որ խոհանոցի թեման շարունակական կլինի:


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի խոսքով՝ նամականիշները յուրահատուկ հանրագիտարաններ են, որոնք քարոզչական գործիք են արժեքները պահպանելու, գնահատելու, տարածելու հարցում:

ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ տարբեր ճաշատեսակների շուրջ վիճահարույց քննարկումներ հաճախ են ծավալվում, սակայն չի հիշում, որ որևէ մեկը վիճարկի ղափամայի հայկական լինելը: «Ղափաման մեր ազգային խոհանոցի այցեքարտն է»,-ընդգծեց նա:


«Ղափաման տոնածիսական կերակրատեսակներից է: Այն հետաքրքիր է բովանդակությամբ, խորհրդով ու իմաստով: Ղափաման մայրության ու պտղաբերության խորհուրդն ունի. մատուցվել է Ամանորին, որ գալիք տարին պտղաբեր լինի, Տրնդեզին և հարսանյաց ծեսերին»,-նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանն ու հավելեց, որ ՀՀ տարբեր մարզերում այն տարբեր կերպ են պատրաստում:


Նա տեղեկացրեց, որ հայկական ազգային խոհանոցի բոլոր կերակրատեսակները, որոնք լցոնված են, կոչվում են ամիչ կամ կուտապներ: Ղափաման երբեմն որպես աղանդեր է մատուցվում, որպես քաղցր կերակրատեսակ, բայց Արցախում ղափամայի տեսակ կա, որը որպես հիմնական կերակուր է մատուցվում՝ գառան մսով, ձավարով, լոբով և այլն:


«Ղափամայի շուրջ մի լեգենդ է պտտվում. դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունը, չրերը և ընկուզեղենը՝ տարբեր հավատքի և ազգային պատկանելություն մարդիկ են, որոնք միավորված են մեղրով: Ըստ լեգենդի՝ բոլոր ազգերը հարևաններ են, իսկ երկրագունդն այնքան փոքր է, որ այնտեղ պետք է միայն բարիդրացիական մթնոլորտ տիրի»,- եզրափակեց Մամուլյանը:


Նամականիշի թողարկման օրը՝ 17 մայիսի 2021թ., դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, տպարան՝ Cartor, Ֆրանսիա, չափսերը՝ 30,0 x 30,0 մմ, մեկ թերթի վրա՝ 6 հ., տպաքանակը՝ 30 000 օր.:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page