Քրեական հետապնդում՝ ընտրությունների ֆոնին․ ովքե՞ր հայտնվեցին իրավապահների թիրախում
- Sep 4, 2021
- 3 min read

Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում և, հատկապես, հետընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ մասսայաբար սկսվեցին քրեական գործեր հարուցվել։
Մասնավորապես, այս պահին քրեական տարբեր գործերում մեղադրյալի կարգավիճակ ունեն «Հայաստան» դաշինքի՝ միանգամից 3 պատգամավորներ։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առնչությամբ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով․ նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից: Իր հրաժարականը նա բացատրել է աշխատանքը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում շարունակելու ցանկությամբ:
«Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Սիսյանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: Վերջինս այս պահին գտնվում է կալանքի տակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, որի նկատմամբ ևս որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեղադրվում է Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։ Բացի այդ, նախաքննական մարմնի կողմից փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Քարահունջ համայնքի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին։
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախությանն օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՀՀ ԱԱԾ-ում հարուցված է և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վայոց Ձորի գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանը, ոը կասկածվում է կաշառք տալու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Խլղաթյանի դեմ ևս քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9 մլն դրամ փոխանցելու համար։
Օգոստոսի 17-ին Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, իսկ Մենուա Հովսեփյանը՝ նաև քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով․ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով։ Յոլյանն այս պահին գտնվում է ազատության մեջ, իսկ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Փոխքաղաքապետերից բացի, ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Գորիսի քաղաքապետարանից առգրավվել են փաստաթղթեր, խուզարկություն է իրականացվել նաև Գորիսի ձերբակալված պաշտոնատար անձանց բնակարաններում։
Օրերս քրեական գործ է հարուցվել Կոտայքի մարզի Քասախ համայնքում, համայնքի ղեկավարի՝ Արա Մկրտչյանի կողմից ենթադրյալ չարաշահումների առնչությամբ․ Քասախի ղեկավարն ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նա մեղադրվում է համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը սահմանվածից ավելի էժան վաճառելու մեջ։
Ընտրություններից հետո մի քանի անգամ ԱԱԾ է հրավիրվել Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Նա ընտրությունների ժամանակ ղեկավարում էր «Հայաստան» դաշինքի տարածքային գրասենյակը։
Հետաքրքրական է, որ քրեական գործերն առնչվում են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինիքներին, իսկ իշխանության և Աժ չանցած մյուս ուժերի ներկայացուցիչների մասով աղմկահարույց քրեական գործերի մասին տեղեկություններ չկան։
Արմինե Նավոյան


























Comments