top of page

«Եթե ընտրություններ չանցկացվեն, ապա խորհրդարանական Հայաստանը կմնա առանց խորհրդարան»․ քաղաքագետ

May 29, 2021
2 min read



Թեև արդեն հստակ նշանակված է արտահերթ ընտրությունների օրը, ԿԸՀ-ն էլ ընդունել է քաղաքական ուժերի մասնակցության հայտը, այնուամենայնիվ, շարունակում է ակտիվ մնալ դիսկուրսը՝ անցկացնե՞լ, թե՞ չեղարկել ընտրությունները։


Իսկ ի՞նչ իրավական և քաղաքական հետևանքներ կարող են լինել, եթե ընտրություններ չանցկացվեն․ հարցի շուրջ MediaHub.am-ը զրուցել է մասնագետների հետ։


Սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով՝ եթե ընտրություններ չանցկացվեն, ապա Հայաստանում էլ ավելի կխորանա ճգնաժամը։


«Կա կոնկրետ պահանջ, որ իշխող ուժն՝ իր ղեկավարի հետ պետք է հեռանա, բայց այդ ուժը հեռանալու բոլոր սահմանադրական եղանակները բացառել է։ Իսկ խորհրդարանական կառավարման ձև ունեցող համակարգերում այդքան էլ շատ չեն վարչապետի լիազորությունները դադարեցնելու տարբերակները։ Եվ քանի որ վարչապետի պաշտոնակատարն էլ անօրինական ճանապարհով երկարաձգում էր ռազմական դրությունը՝ նվազագույնի հասցնելով իրեն անվստահություն հայտնելու տարբերակները, հիմա մնում է նոր կառավարություն ձևավորելու մի տարբերակ՝ անցկացնել խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա։


Գոհար Մելոյանի դիտարկմամբ, հետպատերազմյան շրջանում ընտրությունների անցկացումը կարող է երկիրը տանել նոր ցնցումների։


«Եվ եթե հիմա այս իշխանություններն ինչ-որ կերպով փորձեն հետաձգել արտահերթ ընտրությունների անցկացումը, դա կստեղծի հերթական սահմանադրական ճգնաժամը։ Մենք ունենք իրավիճակ, երբ երկրում բեմականացված սխեմայով արձակվել է յոթերորդ գումարման ԱԺ-ն և կա արտահերթ ընտրությունների օր։ Հիմա բացառապես այդ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր օրենսդիր մարմին։ Պետք է արձանագրել նաև, որ իշխող ուժի՝ արտահերթ ընտրություններին գնալը ապացուցում է, որ նա ունի հանրային վստահության խնդիր»,- նկատեց նա։


Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ մայիսի 10-ից օրենքի ուժով լուծարվել է խորհրդարանը, և նոր օրենսդիր մարմին ստեղծելու միակ սահմանադրական ճանապարհը ընտրություներ անցկացնելն է։


«Բայց վերջին 3 տարիներին այս իշխանությունները որևէ սահմանադրական քայլ չեն արել, և բնականաբար, այս բոլոր գործընթացներն էլ շարունակում են Սահմանադրության տրամաբանությունից դուրս մնալ։ Ուստի, չենք կարող բացառել, որ հենց իրենք էլ հնարավոր է չեղարկեն արտահերթ ընտրությունները»,- կարծիք հայտնեց նա։


Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ձևավորվելու նոր խորհրդարանը, Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Սահմանադրությունը որևէ կերպ չի կարգավորում այդ հարցը։ Մենք ունենք արտակարգ իրավիճակ, որն ավելի ակնառու է դարձնում գործող Սահմանադրության բացերը։ Եթե խորհրդարանական ընտրությունները կայանան ու ձևավորվի նոր իշխանություն, ապա նրա առաջին քայլը պետք է լինի նոր Սահմանադրություն մշակելը»,- ասաց նա։


Քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ընտրություններ չանցկացվեն, ապա խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիրը կմնա առանց խորհրդարան։


«Սրա համար կար մեկ մեխանիկական լուծում, որն այժմ արդեն կիրառելի չէ։ Եթե Փաշինյանը ժամանակին հրաժարական տար, ապա խորհրդարանը կարող էր ինչ-որ քաղաքական մարդկանց ընտրել, պայմանով, որ նրանք լինելու են ժամանակավոր, ինչ-որ գործողություններ են իրականացնելու, ապա հայտարարելու են խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Բայց այժմ հնարավոր չէ նման բան անել։ Այս պահին մնում է մի ճանապարհ՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։


Հեղինակ՝ Նարե Գևորգյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page