Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում

Հայաստանում մայիսի 17-ից մեկնարկում է սքրինինգային ծրագիր՝ ուղղված զարկերակային գերճնշման դեմ պայքարին: Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նշեց, որ առաջիկա ամիսներին Երևանի, Հայաստանի այլ խոշոր քաղաքների հանրային վայրերում կլինեն խմբեր, որոնք ցանկացողների զարկերակային ճնշումը կչափեն, անձի առողջության վերաբերյալ հարցում կիրականացնեն:
«Զարկերակային բարձր ճնշման դեպքում աշխատակիցները կտան առողջ կենսակերպի մասին հուշաթերթիկ, կհորդորեն դիմել բժշկի: «Կանգնեցրեք լուռ մարդասպանին», «Պարզ չափում, որը կյանքեր է փրկում» և այլ կարգախոսներով ցուցանակներով այդ խմբերը կիրազեկեն քաղաքացիներին զարկերակային բարձր ճնշման խնդիրների, դրա հետևանքների հետ կապված»,-ասաց Պարունակ Զելվեյանն՝ ավելացնելով, որ այս գործում ակտիվ ներգրավվելու են նաև պոլիկլինիկաները:
Մասնագետը նկատեց, որ նման իրազեկման միջոցառումները, քաղաքացիների հետ աշխատելը շատ կարևոր է, և փորձ է արվում հասարակության ուշադրությունը հրավիրել զարկերակային բարձր ճնշման պարագայում ի հայտ եկող խնդիրների վրա:
«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները: Եթե մենք ճիշտ ժամանակին կանխարգելենք, ապա մենք կկարողանանք ունենալ սրտանոթային պատահարների, բարդությունների նվազեցում»,-ասաց Պարունակ Զելվեյանը:
Անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ընդհանուր մահացության կառուցվածքում սրտանոթային մահերը 50 տոկոսից ավելին են: Հայաստանում հարցմանը մասնակցած չափահաս բնակչության 18-ից բարձր տարիքային խմբի 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում: Սա խոսում է այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդի մոտ կա զարկերակային բարձր ճնշման ռիսկ: Նրանց 72 տոկոսը գիտի, որ ունի զարկերակային բարձր ճնշում:
«Մեզ համար կարևոր է, որ այդ 42 տոկոսի մոտ վերահսկվի զարկերակային գերճնշումը: Մենք աշխատելու տեղ ունենք, միայն հայտնաբերելը դեղամիջոց ստանալը դեռ չի նշանակում, որ բուժեցինք: Մենք պետք է մեր պացիենտների ճնշումն իջեցնենք 140/90 թիրախային թվերի»,-ասաց Պարունակ Զելվեյանը: Մասնագետը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հասարակության ուշադրությունն է հրավիրում ռիսկի գործոնների վրա՝ քաշի ավելցուկ, ճարպակալում, շաքարային խանգարումներ, ֆիզիկական թերակտիվություն, աղի չարաշահում և այլն: Պարունակ Զելվեյանի խոսքով, պետք է ամրապնդվի սեփական առողջությանն ուշադրություն դարձնելու մշակույթը:
«Գանգատի դեպքում անպայման պետք է դիմել բժշկին: Այդ գանգատը նշանակում է, որ օրգանիզմն արդեն ահազանգում է, անձին ակնարկում է, որ ինչ-որ բան այն չէ: Իմ գլխավոր հորդորը հետևյալն է, մեր օրգանիզմն ավելի շատ սիրենք, քան ավտոմեքենան:
Ավտոմեքենայից մի փոքր աղմուկ գալու պարագայում միանգամից մասնագետի մոտ ենք տանում, առողջության դեպում, երբ կա գանգատ, ասում ենք, լավ կանցնի»,-հավելեց Պարունակ Զելվեյանը:























Comments