Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում
- Jun 7, 2021
- 1 min read

Զբոսաշրջային ընկերությունները Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև դեռևս չնահանջող կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում:
«Սմարթ թրավել Արմենիա» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բարսեղյանը նշեց, որ ոլորտը կամաց-կամաց ակտիվանում է:
«Այս ամենից հետո մենք փորձում ենք նորովի ներկայացնել Հայաստանը ու տարբեր, հետաքրքիր տուրերով գրավել նրանց ուշադրությունը դեպի մեր երկիր: Երկու մեծ խումբ ունենք, որոնք ամրագրումներ են արել արդեն: Նրանք ուղղություններն ընտրել են ամբողջ Հայաստանի տարածքով, հատկապես ոգևորված են Գորիս-Տաթև վանական համալիր-Խնձորեսկ ուղղությամբ: Խմբերը Ռուսաստանի Դաշնությունից են ժամանելու»,- նշեց Լուսինեն և հայտնեց, որ ներքին տուրիզմով հետաքրքրվողներն ավելի շատ նախընտրում են պասիվ հանգիստ:
«Սուզորդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը նշեց, որ մինչև պատերազմը Հայաստանում բավականին աճում էր դայվինգը, քանի որ այն բավականին հարմար վայր է այդ ուղղությունը զարգացնելու համար:
«Սևանա լիճը հետաքրքիր է, քանի որ բարձրագոտի սուզում է լինում՝ 2000 մետր, ցանկացած սուզորդի համար դա շատ հետարքիր է: Ափին շատ մոտ, հասանելի խորություններ կան սկսնակների համար, մասնագիտացված սուզումների համար նույնպես հարմարավետ է»,- նշեց Ազիզբեկյանը և հավելեց, որ Սևանում ալիքների ոչ այդքան մեծ լինելն ու լավ տեսանելիությունը նույնպես նպաստում են հետաքրքիր ժամանց ունենալուն:
Comments