Ըստ լուրերի՝ Սև լճի տարածքում կորած զիծառայողները մի քանի անգամ զանգել են տուն․ Խոզնավարի ղեկավար
- Jul 19, 2021
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Սև լճի տարածքում անհետ կորած երկու զինծառայողներն այս օրերին մի քանի անգամ փորձել են կապ հաստատել հարազատների հետ։ Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար վարչական շրջանի ղեկավար Վարո Գրիգորյանի հետ։
«Չգիտեմ, թե որքանով է հավաստի, բայց ասում են՝ մի քանի անգամ զանգել են իրենց տուն, վերադասին, սակայն չեն կարողացել որևէ բան ասել․ ինձ նման տեղեկություններ են հասել։ Փաստն այն է, որ մինչև հիմա չկան այդ տղաները, և հստակ որևէ տեղեկություն չկա»,- ասաց նա։ Հարցին՝ արդյոք հայտնաբերվե՞լ է նրանց մեքենան, Գրիգորյանը պատասխանեց․
«Մեքենան ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում է, ինչ-որ քարի վրա բարձրացած, կանգնած է։ Երևի մառախուղ է եղել, կորցրել են ճանապարհը, հետո թողել են մեքենան ու սկսել են ոտքով ման գալ»։
Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին Սև լճի մոտ 2 զինծառայող է անհետացել։ Մասնավորապես, մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներին մեքենայով սնունդ տանող զինվորականները տեղ չեն հասել։ Վերջինների անհետացման հանգամանքները և ճակատագիրը դեռևս անհայտ են։ Նախնական տվյալով՝ նրանք մառախուղի պատճառով մոլորվել են և հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Արմինե Նավոյան


























Comments