Քննիչի և «Նորատուսցի արջի» սպանության գործը կքննի դատավոր Դանիելյանը. «Փաստինֆո»
- May 18, 2021
- 2 min read

Շուրջ մեկ տարի առաջ Գավառում ՔԿ քննիչ Զոհրաբ Պարոնիկյանի և «Նորատուսցի արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանի սպանության գործը կքննի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը։
2020թ ապրիլի 28-ին Գավառում՝ բանակում մասում, տեղի է ունեցել զինված բախում, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն:
Սակայն դեպքն այդքանով չի ավարտվել և դարձել է վենդետայի պատճառ: Դանակով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, եւ այն ամբողջությամբ տակնուվրա արել, հարձակվել հիվանդանոցում գտնվող միջադեպի մասնակիցների վրա՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։
ՔԿ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
2021թ մայիսի 11-ին ՔԿ-ն հայտնեց սպանության դրվագով քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարելու մասին։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը դատարան մուտք է եղել մայիսի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Դանիելյանին։ Գործով անցնող երեք մեղադրյալները կալանավորված են։
Լուսանկարում՝ Զոհրաբ Պարոնիկյանն է


























Comments