«ԱԱԾ-ն պետք է երկրի անվտանգությամբ զբաղվի, այլ ոչ՝ հիմար հանձնարարություններով»․ Ռոբերտ Քոչարյան
- May 29, 2021
- 2 min read

«Անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում այս պահին տեղի ունեցողը լիակատար ձախողում է»,- այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, առաջնային քայլը, որ պետք է կարտարվի անվտանգության ոլորտում, զինված ուժերի մարտունակության վերականգնումն է։ Արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ ուղղակի չկա։ «Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, առավելագույն չափով պրոֆեսիոնալ և մարտունակ։ Մեր բանակն աջակցության և լուրջ բարեփոխման կարիք ունի»,- նկատեց նա։
Ըստ երկրորդ նախագահի, ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ «ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի»։ Նրա դիտարկմամբ, սատանա փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու կամ ընդդիմադիրներին հետապնդելու հանձնարարականներ ԱԱԾ-ն չպետք է կատարի։
«Այնտեղ ծառայում են բարձր պորֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար, համոզված եմ, այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության։ Ոստիկանությունն էլ ստեղծված չէ մեկ պաշտոնյայի անվտանգ տեղաշարժը կազմակերպելու, նրա քմահաճույքները բավարարելու և հիվանդագին վախերը սպասարկելու համար»,- կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց նաև, որ իրենք ոստիկանությունը վերադարձնելու են բացառապես ՀՀ օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ։ «Աննորմալ է այն, ինչ այսօր մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին, ապա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին քայլերից է լինելու միջազգային ասպարեզում այսօր կիրառվող «էժանագին շուստրիության քաղաքականությունը» դադարեցնելը։ «Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում։ Մենք կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի և հասկանալի գործընկերոջ։ Երկկողմանի մակարդակով կառաջարկենք մեր բարեկամներին համագործակցության նոր օրակարգ։
Պարտությունը պատերազմում մեզ չպետք է սահմանափակի պարտվածի բարդույթով։ Հավատացնում եմ ձեզ՝ մոտակա տարիների համար սա լինելու է ամենից դժվար հաղթահարվող խնդիրներից մեկը։ Պարտությունը ծանր հարված է, և մենք պետք է օգնենք մեր երկրին՝ հաղթահարել այն բարդույթը, որն անխուսափելիորեն առաջանում է այսպիսի պարտություններից հետո»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա, չափազանց կարևոր է ձևավորել նոր օրակարգ։ Նա նկատեց՝ իրենք չեն կարող նոր գաղափարներ չբերել և անցած պաշարի վրա հիմնվել։
«Մենք ի վիճակի ենք մեր դաշնակիցների հետ ապահովել և պաշտպանել ՀՀ շահերը։ Մենք կվերականգնենք նաև մեր կորցրած դիրքերը միջազգային և առաջին հերթին՝ անվտանգության հարցերով զբաղվող կառույցներում»,- նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո բեմահարթակ բարձրացան «Հայաստան» դաշինքի նախընտրական թիմի անդամները։
ความคิดเห็น