Ադրբեջանը Հայաստանի դեմ հերյուրանքներով լի նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին․ «Հրապարակ»
- May 18, 2021
- 2 min read

Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի անունից հայերի հասցեին հերյուրանքներով ու հայկական օբյեկտների անվանումների փոփոխություններով լի նամակ է ուղարկվել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Նամակն «Ադրբեջանի դեմ երեսնամյա հայկական ագրեսիայի և գրավյալ տարածքներում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության երկարատև և կանխամտածված ոչնչացման մասին» է:
Տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ալիևի նամակում ասվում է, որ «բացի մարդկայնական [հումանիտար], տնտեսական և սոցիալական կործանարար հետևանքներից Հայաստանի ագրեսիան և երեք տասնամյակ տևած Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիան անուղղելի վնաս են հասցրել նաև Ադրբեջանի մշակութային ժառանգությանը՝ թվով հազարավոր մշակութային արժեքներին, որոնց թվում ՝ համաշխարհային և ազգային կարևոր հուշարձաններ, մզկիթներ, տաճարներ, դամբարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, հնագիտական վայրեր, գրադարաններ և հազվագյուտ ձեռագրեր»:
Նշվում է, որ «նույն ճակատագրին է արժանացել ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը Հայաստանի տարածքում»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով «ազատագրված տարածքներում հայտնաբերվել են ագրեսորների կողմից ոչնչացման ու թալանի սարսափելի մասշտաբի բազմաթիվ ապացույցներ:
«Ի թիվս այլ քաղաքացիական օբյեկտների, հարյուրավոր պատմական, մշակութային վը կրոնական հուշարձաններ թալանվել են, վանդալիզմի են ենթարկվել և ավերվել են այս տարածքներում: 67 մզկիթներից և իսլամական կրոնական վայրերից 64-ը ավերվել կամ զգալիորեն վնասվել ու պղծվել են: Աղդամի, Կուբաթլիի և Զանգիլանի շրջանների մզկիթները, որոնք պղծվել են հայկական գրաֆիտիների կողմից, օգտագործվել են որպես խոզանոց ու կովանոց: Այս տարածքներում ավելի քան 900 գերեզմանոց ավերվել ու վանդալիզմի է ենթարկվել», - նշված է բողոքի նամակում:
Ալիևը ստեղծագործել է, որ «Ադրբեջանի ազատագրված տարածքներում հայտնաբերվել են ապօրինի «հնագիտական պեղումների» և այսպես կոչված «վերականգնման» աշխատանքների ապացույցներ, որոնք հաստատում են մշակութային, պատմական և գիտական ապացույցները թաքցնելու և կեղծելու Հայաստանի փորձերի մասին նախկին հաղորդագրությունները: Այսպիսով, Ադրբեջանի ազատագրված Քելբաջարի շրջանում հայտնաբերվել է «հնագույն» հայկական խաչքարերի արտադրության ժամանակակից արհեստանոց»:
«Այս խաչքարերը օքսիդացման են ենթարկվել և քացախով մշակվել են՝ նրանց հին տեսք հաղորդելու համար, այնուհետև թաղվել են որպես տարածաշրջանում դարավոր հայկական արմատների «անվիճելի» վկայություն»:
Նամակում նշվում է, որ «շտապ ազատագրելով գրավյալ տարածքները, որոնք Ադրբեջանին պետք է վերադարձվեին 2020-ի նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրով, Հայաստանի զինված ուժերը և հայ ապօրինի վերաբնակիչները չկարողացան դիմակայել մշակութային արժեքները հետագայում ոչնչացնելուց ու հափշտակելուց: Այսպիսով, հայկական զինված ուժերը այրել են Աղդամի շրջանի Գիյասլի գյուղի մզկիթը՝ նախքան իրենց հեռանալն այս տարածաշրջանից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նաև, հայկական զինված ուժերի դուրսբերման ժամանակ թալանվել է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի Խուդավենգ վանական համալիրը․ համալիրում Արզու-խաթուն եկեղեցու արևելյան պատի ֆրեսկան, ինչպես նաև խաչեր, զանգեր և սրբապատկերներ են հանվել և ապօրինի տեղափոխվել Հայաստան»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը խնդրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին տարածել նամակը որպես Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ՝ օրակարգի 15, 34, 35, 40, 64, 70, 72, 86 և 135 կետերի հիման վրա և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:


























Comments