top of page

ԱՄՆ պատրաստ է աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը․ Էրիկա Օլսոն

  • Nov 2, 2021
  • 1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և ներկայացրել հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները:

Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը: Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը և կարևորել դրա շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացումը:

Մհեր Գրիգորյանն առանցքային է համարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և վերադարձը հայրենիք:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության ու երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page