top of page

Այստեղ ավելի շատ գաղափարակիցներ եմ տեսնում, քան այլ քաղաքական ուժերում. Թ. Վարդանյան. «Հրապարակ»

  • May 13, 2021
  • 2 min read

ree

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հայտարարեց, որ «երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում» որոշել է մաս կազմել Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությանը։


Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքը տարբեր այլ քաղաքական ուժերից էլ է առաջարկներ ստացել, սակայն որոշել է հենց այս կուսակցության առաջարկն ընդունել»։


«Որովհետև այստեղ ավելի շատ գաղափարակիցներ եմ տեսնում, քան այլ քաղաքական ուժերում։ Որոշմանս շատ դժվար եմ հանգել, բայց վստահաբար եմ հանգել, ինչը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես կարևորում եմ ցանկացած հարաբերության մեջ ազնվությունը։ Իսկ ես ինձ հետ ազնիվ չէի լինի, մինչև մանրակրկիտ չծանոթանայի տարբեր կուսակցությունների, դաշիքների գաղափարներին։ Այդ ամենի արդյունքում որոշում եմ կայացրել անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը»,- Hraparak.am-ին ասաց Թեհմինա Վարդանյանը։


-Իսկ մյուս քաղաքական ուժերին, եթե անդամակցեիք, նրանց մասով ազնիվ չէ՞ր լինի Ձեր որոշումը։


-Եթե ազնիվ լիներ, կանդամակցեի։


-Կարո՞ղ ենք ենթադրել, որ անդամակցելով «Հայրենիք» կուսակցությանը, Դուք նաև ընդգրկվելու եք «Հայրենիքի» և ՀՀԿ-ի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում:


-Այո։


-Իսկ հնարավո՞ր է՝ առաջին կին թեկնածուն հենց Դուք լինեք, թե՞ այդ տեղն արդեն «բրոնյա» է արված։


-Դեռևս հստակեցված չէ, և ես բավականին ինքնաբավ մարդ եմ և ցուցակում տեղ գրավելու համար պայքար չեմ մղում, և ինչպես հարմար կգտնի կոսւակցության ղեկավարը և այնուհետև դաշինք կազմող մյուս կուսակցությունը, ինչպես ճիշտ կհամարեն,այնպես էլ կանեն։ Ես այդ խնդիրը չունեմ՝ ցուցակում առաջին կամ երկրորդ կինը լինելու, որովհետև, ևս մեկ անգամ շեշտում եմ, ես բավականին ինքնաբավ մարդ եմ, և ցուցակում տեղի համար երբևէ կռիվ չեմ տվել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա։


-Իսկ Ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ «Հայրենիքը» դաշինք է կազմել ՀՀԿ-ի հետ, որի իշխաության օրոք Դուք ընդդիմություն էիք ու քննադատում էիք նրանց վարած քաղաքականությունը։


-Ամենևին չի կաշկանդում, որովհետև, ինչպես ներկայում ասում են նախկինների հետ կապված, ես Ձեզ կարող եմ հազարավոր օրինակներ բերեօլ նախկինների մասով և՛ գործող իշխանությունների մեջ, և՛ նախկին իշխանությնունների, որոնք և՛ դրական բաներ են անում, և՛ բացասական։ Բայց, հաշվի առնելով գործող իշխանությունների ներկա գործելաոճը, գործիքակազմը և այն, ինչին հանգեցրել են մեր երկիրը իրենց այդ «աշխատանքի» արդյունքում, ապա ներկաներից վատ իշխանություն և վատ քաղաքական ուժ ինձ համար այս պահին չկա։ Եվ ոչ, ամենևին չի կաշկանդում։


-Իսկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքից, նրանց թիմից առաջարկ ստացե՞լ եք։


-Ես հանդիպումներ եմ ունեցել գրեթե բոլոր կուսակցությունների հետ, և տարբեր ֆորմատի քննարկումներ եմ ունեցել, բայց քանի որ որոշում եմ կայացրել, չեմ ուզում այս պահին այլևս խոսել այլ կուսակցությունների և քաղաքական թիմերի հետ  հանդիպումներից կամ քննարկումներից։


-Թող շատ անլուրջ չթվա հարցս, բայց որ ասում եք՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերի, դրանց մեջ մտնո՞ւմ են, օրինակ, Բաբաջանյան Արմանի կուսակցությունը, Մգեր Արմենիայի կուսակցությունը, «Ձայնը», ՔՈ-ն, էլի կարելի է թվարկել։


-Իհարկե, ոչ, դա միայն ժպիտ կարող է առաջացնել։ Ես որոշ կուսակցություններից առաջարկ ստանալու պարագայում կվիրավորվեի։


-Դուք վստա՞հ եք, որ գալու եք իշխանության,և եթե իշխանության չգաք, պատրա՞ստ եք ընդդիմություն աշխատել հաջորդ խորհրդարանում։


-Ինչպես ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, իմ պատկերացմամբ՝ յուրաքանչյուր ավագանու անդամ իրեն պետք է պատկերացնի մեկ օր քաղաքապետ, այսինքն՝ միտումը պետք է լինի քաղաքապետ դառնալը։ Հիմա, եթե ցանկացած կուսակացություն և դաշինք, երբ մտնում է ընտրապայքարի մեջ, այո, պետք է ակնկալի իշխանությւոն դառնալ։ Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին և, մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, այո, բոլոր նախադրյալները կան, և, այո, մենք գնում ենք վերցնելու իշխանությունը։ 


-Ումի՞ց եք վերցնելու իշխանությունը։


-Գիտե՞ք, չեմ ցանկանա այս պահին անվանարկել այն քաղաքական թիմին, որոնք նստած են այդ աթոռներին և ուղղակիորեն ծծում են ժողովրդի արյունը, խարխլում մեր պետականության հիմքերը, բայց հենց այդ մարդկանցից։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page