top of page

Ապագա պիտի լիներ անկա՛խ ձեր կամքից, որովհետև այն գալիս է ինքնաբերաբար, եթե դրա քթին դուռը չես փակում

Jun 17, 2021
3 min read

Updated: Jun 18, 2021



Պապիկս հեղափոխություններ չէր սիրում։ Ասում էր՝ դրանք ոչ մի լավ տեղ չեն տանում։ Իսկ տատիկս չէր սիրում խառնվել այն գործերին, որոնցից գլուխ չէր հանում, օրինակ՝ հեղափոխություններից։


Առհասարակ, պապիկս վեճ ու աղմուկ չէր սիրում։ Իր ձայնն էլ միշտ ցածր տոնով էր հնչում՝ լսելի, բայց ցածր։ Ասում էր՝ տանը պիտի խաղաղություն լինի։ Մեր տան խաղաղության աղավնին բոլոր վեճերը հանգուցալուծողն էր՝ խաղաղությամբ։ Որ մեկը նեղվում էր մյուսից, գնում, պապիկիս հետ էր կիսվում։ Պապիկս արդար էր դատում, մատնացույց էր անում ճիշտն ու սխալը, բայց վերջին խոսքը խաղաղության օգտին էր՝ միայն թե տանը կռիվ չլինի։


Պապիկիս մի անգամ եմ հունից դուրս եկած տեսել։ Դպրոցից եկել, շորերը փոխել, գնացել էր այգի՝ մեղուներին նայելու։ (Պապիկս գյուղի մաթեմատիկայի ուսուցիչն էր)։ Մեր գյուղում՝ Գողթանիկում, էդպես էին ասում՝ «մեղուներին նայել»։ Այսինքն՝ ծուխ էին փչում փեթակներին, որ մեղուները թմրեն, վրա չտան, իրենք էլ մեղուների վիճակին էին նայում, մեղրահացերը զննում, մեղրամոմով պատված լաթերը փոխում։ Այդ օրը սովորականի պես պապիկս հագավ պաշտպանիչ հագուստն ու դիմակը և գնաց այգի։ Տատիկս էլ՝ հետևից։ Մենք էլ թոռներով արագ տուն վազեցինք, որ մեղուների բաժին չդառնանք։ Նստած՝ եսիմ ինչ էինք խաղում, մեկ էլ պապիկի բղավոցը լսեցինք։ Բոլորս դուրս նետվեցինք։ Նման դեպք չէր եղել, մենք չգիտեինք, որ պապիկը գոռալ էլ է կարողանում։ Մնացածը պատմել չեմ ուզում։ Ուղղակի պարզվեց, որ պապիկի ազնվությանն են կասկածել։ Ինքն էլ դիմակ-հագուստ նետել, գործը չի շարունակել։


Երեք տարի է՝ բոլորը բոլորի ազնվությանն են կասկածում․ ընկերը՝ ընկերոջ, քույրը՝ քրոջ, բարեկամը՝ բարեկամի։


Երեք տարի է՝ մտերիմները ցավեցնում են իրար խոսքով, հայացքով, գրառմամբ, վերաբերմունքով, չզանգելով, չբարևելով, վերքին աղ անելով, պիտակավորելով։


Երեք տարի է՝ մենք չգիտենք՝ վաղը ինչ է լինելու։ Մենք նույնիսկ չգիտենք՝ մի ժամ հետո ինչ է լինելու․ թուրքը գալու է, հասնի մեր տու՞ն, թե՞ մենք ենք մեր ձեռքով տանելու, մեր տունը հանձնելու։


Երեք տարի է՝ մեր պետության հենասյուները քանդվում են, բանակը հեղինակազրկվում է, ուսուցիչը՝ նսեմացվում, եկեղեցին՝ ստորադասվում, ընտանիքը՝ թերագնահատվում։


Երեք տարի է՝ մենք ամեն օր հիասթափվում ենք ինքներս մեզնից, դիմացինից, սեփական ժողովրդից։


Երեք տարի է՝ մենք կորցրել ենք քունը, հավեսը, ժպիտը, հույսը։


Երեք տարի է՝ մենք չունենք խաղաղություն, պապի՛կ։ Այ էն խաղաղությունը, որի մասին դու խոսում էիր, իսկ մյուսներին թվում էր՝ դե բան է, ասում ես, էլի։


Այն օրը Գևը՝ իմ 10-ամյա տղան, հարցնում է՝ «մա՛մ, էդ ինչի՞ են փողոցներում ամեն տեղ գրել՝ «Ապագա կա՛ ապագա»։ Ասում եմ՝ դե նախընտրական կարգախոս է։ Ասում է՝ «բայց տենց սխալ է, հայերեն չի, էդ ո՞վ է փակցրել»։ Ասում եմ՝ «Նիկոլ Փաշինյանը»։ Ասում է՝ «Լավ, սխալը մի կողմ, բայց իր հետ ի՞նչ ապագա»։


10 տարեկանում ես պապիկիս հետ աքաղաղի կանչից արթնանում ու մարգերն էի ջրում, տատիկիս հետ կաթը դնում օջախին ու խմոր հունցում, քույր-եղբայրներիս հետ ծառ ու թփից միրգ հավաքում ու պախկվոցի խաղում, երեկոյան էլ թախտին նստած՝ «Դավիթ Բեկ» կարդում: Հետո անցնում էի հանրագիտարանի «Դ» տառի հատորին․ «1725 թ․ թուրքական զորքերն աքցանի մեջ են վերցնում Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքին, պարտվում և հետ են քաշվում։ Թուրքական հրամատարությունն իր կողմն է գրավում հայ առևտրավաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցում Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքում են նրան և հպատակվում թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջում և ամրանում է Հալիձորում, որը պաշարում է թշնամին։ Դավիթ Բեկը կարողանում է իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին»։


Կարդում ու մտածում էի, որ մեծանամ, Դավիթ բեկի պես տղամարդու հետ եմ ամուսնանալու, որ դավաճան չլինի, որ ուժեղ լինի, որ հայրենիքը նույնիսկ ինձնից շատ սիրի։ Այն ժամանակ ես շատ բան չգիտեի Սյունիքի մասին, բայց գիտեի, որ իմ սիրելի պատմավեպի հերոսն այնտեղ է ծնվել, կռվել, դավաճանվել, հաղթել ու մահացել։ Ու որ Սյունիքի սահմանները միշտ անխախտ են լինելու, որովհետև մեր հայրենիքի հարավը հսկում են ուժեղ զորավարների գերեզմանները՝ նաև Մխիթար սպարապետինը։


10 տարեկանում ես չգիտեի՝ ով ինչ կարգախոս ունի ու չէի էլ մտածում, որ ապագան կարող է և լավը չլինել։ Մեր մտքում ապառնի ժամանակն ամենասիրելին էր, որովհետև հաջորդ օրը միշտ ավելի լավն էր լինում։


Ես չեմ ներելու իմ երեխաների մանկությունը խլած, պատանեկությունը վտանգած, ապագայի լինելիությունը հաստատող կարգախոսների տերերին։ Ախր այդ հաստատումով դուք ամենից շատ եք կասկածի տակ դնում դրա լինելիությունը։ Ապագա պիտի լիներ անկա՛խ ձեր կոչից ու կամքից, որովհետև ապագա նշանակում է «գալիք», իսկ այն գալիս է ինքնաբերաբար, եթե միտումնավոր դրա քթին դուռը չես փակում։



Հեղինակ՝ Արփի Հարությունյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page