Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում․ Թովմասյան
- Aug 31, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանում ընդունել է գերությունից վերադարձած Արմեն Բուդոյանին:
«Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում:
Այդ օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել: Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին, սովորաբար, կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել:
Բացի դրանից, զինծառայողները պաշտպանության նախարարության հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրա կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տնից դուրս է հանել:
Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե՝ ո՛չ, ապա՝ զորացրել, ակայն արդեն մի քանի ամիս է, ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս: Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար:
Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:
Հետևողական եմ լինելու և իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը»,- գրել է Թովմասյանը:


























Comments