top of page

Արևմուտքը կառուցում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը

May 26, 2021
2 min read



Հարավային Կովկասում արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է նոր ստատուս-քվո․ տարածաշրջանում ուժեղացել են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերն ու այս գեոպոլիտիկ նոր ճարտարապետությունը բխում է Արևմուտքի, անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ ուղղված է ՌԴ-ի և Իրանի դիրքերի թուլացմանը:


Արևմուտքը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում պայքարում է ռուսական և իրանական ազդեցության ուժեղացման դեմ՝ proxy war-ը շարունակվում է տարբեր խաղատախտակներում՝ Լիբիա, Սիրիա, Եմեն, Կովկաս, Ուկրաինա:


ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը սահմանափակելու առումով Արևմուտքը տարածաշրջանում հենվում է Թուրքիայի և թուրքական էքսպանսիոնիստական ռազմավարության՝ պանթուրքիզմի, պանթուրանիզմի վրա, քանի որ այդ ռազմավարության սլաքներն ուղղված են անգլո-սաքսոնական աշխարհի հիմնական մրցակիցների՝ ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի դեմ: Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ՌԴ-ն և Չինաստանը համարվում են հիմնական գեոպոլիտիկ սպառնալիքներ: Այս առումով Էրդողանի պանթուրքիզմը և թյուրքախոս աշխարհը միավորելու նկրտումները բխում են Արևմուտքի շահերից, քանի որ թյուրքախոս աշխարհը բնակվում է հիմնականում հետխորհրդային Կենտրոնական Ասիայում՝ սահմանակից է Չինաստանին, ՌԴ-ին, Իրանին, ինչպես նաև ռուսական, իրանական և չինական որոշ շրջաններում նույնպես բնակվում են թուրքական ժողովուրդներ:


Այդ առումով Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում թույլ է տալիս խաթարել շիական աշխարհ կառուցելու Իրանի ծրագրերը, իսկ թուրքական ագրեսիան Սիրիայի հյուսիսում՝գլխացավանք է ռուսական կողմի համար:


Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը կարողացավ գրավել զգալի պլացդարմ մերձարաքսյան շրջանում՝ այդ պլացդարմն ապագայում ծառայելու է Իրանական Ադրբեջանի դեմ ակցիաներ իրականացնելու համար՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների աջակցությամբ:


Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը՝ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն մեծ ռազմա-քաղաքական, տնտեսական կախվածություն Արևմուտքից և Թուրքիայից: Այս առումով Ռուսաստանը Հարավային Կովկասում հնարավորություն ունի հենվելու միայն Հայաստանի վրա: Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեծացել է Հայաստանի գեոպոլիտիկ նշանակությունը Մոսկվայի համար՝ դրան զուգահեռ մեծացել է Հայաստանի ռազմական կախվածությունը ռուսական զորքերից՝ Սյունիքում ռազմական հենակետեր, Արցախում՝ ռուսական խաղաղապահներ և այլն:


Արևմուտքը Հարավային Կովկասում կառուցում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա տրանսպորտային, էներգետիկ, գեոպոլիտիկ միջանցքը, որը շրջանցում է ռուսական և իրանական տարածքները: ԵՄ-ի համար կարևոր են կասպյան էներգակիրները՝ ադրբեջանական, ղազախական, թուրքմենական նավթն ու գազը, իսկ Վրաստանն այս խճապատկերում՝ լոգիստիկ միջանցք է կասպյան էներգակիրները ՌԴ-ն շրջանցելով դեպի Եվրոպա ուղղելու համար: Իսկ Թուրքիան այս պարագայում վերոնշյալ միջանցքի անվտանգության երաշխավորն է՝ իր ռազմական ներուժի շնորհիվ:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page