top of page

Գորիսում պատրաստվում են հանրահավաքի․ «Հրապարակ»

  • May 15, 2021
  • 2 min read

ree

Գորիսի մտավորականությունը հանրահավաքի կոչ է անում բոլորին եւ պահանջում ՀՀ կառավարությունից՝ մինչեւ մայիսի 15-ը, ժամը 17.00-ն, հստակ պատասխանել հետեւյալ հարցին. արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։ Գորիսի մտավորականների նախաձեռնող խմբի անդամ, Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը։ Ուստի այսօր, ժամը 17.00-ին հրավիրում են հավաք՝ Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված են կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր հերոս եղբայրների մարմինները։ 


«Տեղի կունենա հանրահավաք՝ մեր քաղաքացիների, գյուղերի, քաղաքների բնակիչների մասնակցությամբ, մարդիկ շատ մտահոգ են եւ պետության անգործությունը տեսնում են իրենց առօրյա կյանքում, դրա համար ցանկանում են եւս մեկ անգամ բարձրաձայնել եւ կոչով դիմել ՀՀ իշխանություններին, մտավորականությանը, որպեսզի իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեն սահմանների անխախտելիությունն ապահովելու համար, որը լուրջ խնդիր է, եւ ամեն րոպե կարող են ծագել ռազմական գործողություններ»,- ասում է Սարգսյանն ու ընդգծում՝ անկախ ստեղծված իրավիճակից, սյունեցիներն ընկճված չեն․ «Մենք հոգեբանորեն պատրաստ ենք, եւ անհրաժեշտ պահին, զենք կրելու ունակ մարդիկ պատրաստ են կանգնել մեր զինված ուժերի թիկունքին»։ 


Նա ցավով նկատում է, որ ցանկացած ժողովրդական ինքնաբուխ ընդվզում անմիջապես քաղաքականացվում է․ «Հատկապես վերջին պատերազմից հետո Սյունիքի հանդեպ իշխանությունների անտարբեր վերաբերմունքի խնդիրը կա։ Ոմանք կարծում են, թե սյունեցին դավ է նյութում, բայց ի՞նչ անի սյունեցին, ոչ մի քայլ չձեռնարկի՞, որպեսզի ոմանք չկասկածեն, որ դա քաղաքականացված է, սա կենսական հարց է, պետք է հասկանան բոլորը։ Այն, ինչ տեղի է ունենում, ինքնաբուխ է, եւ քաղաքական ոչ մի ենթատեքստ պետք չէ փնտրել»։ 


Վարդան Սարգսյանն ասում է, որ առաջինը իրենք՝ գորիսեցիները բարձրաձայնեցին ադրբեջանցիների առաջխաղացման մասին, բայց իրենց մեղադրեցին կեղծ լուրեր եւ անհիմն անհանգստություն տարածելու մեջ․ «Եթե չլիներ այդ անհանգստությունը, գուցե մեր հասարակությունը մինչեւ վերջ չիմանար մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը ցավալի է։ Իսկ այդ տարածքը Գորիսի համար շատ արժեքավոր տարածք է, այն ռազմավարական նշանակություն ունի, այդտեղից երեւում է Գորիս-Երեւան մայրուղին, հենց Սեւ լճից է բխում Սյունիքի աղբյուրների մեծ մասը, նաեւ ալպիական արտովայրեր կան այդ տարածքում։ Սա կենսական նշանակություն ունի առաջին հերթին տնտեսական առումով։ Մենք գործ ունենք Զանգեզուրի բարձրավանդակի անվտանգության հետ, այդ լեռնաշղթայի գագաթները ձգվում են մինչեւ Վայոց Ձոր։ Այդ շարքի վրա է գտնվում նաեւ նշանավոր Ուխտասար սրբատեղին, բայց, փաստորեն, այդ լեռնաշղթայի բարձունքներն անպաշտպան են, չկան սահմանապահներ, եւ ցանկացած հատվածում էլ կարող են տեղի ունենալ նման ներթափանցումներ։ Իսկ Իշխանասարի բարձունքներից Գորիսն ափի մեջ է երեւում, եւ այդ տարածքում թշնամու անարգել ներկայությունը մեծ վտանգ է»։ 


Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե ձյուն է եղել, չեն կարողացել կահավորել սահմանները, Սարգսյանն արձագանքեց․ «Իհարկե, ձմեռը խիստ է այստեղ, եւ երթեւեկն էլ դժվար է, բայց ինչո՞ւ դա մեր հակառակորդին չի խանգարում, եւ նրանք կարող են ոչ միայն հայտնվել այնտեղ, այլ նաեւ ռազմական տեխնիկա տանել, իսկ մենք լինենք անտեղյակ դրա մասին։ Սա մեր իշխանությունների անփութության, թուլության արդյունքն է։ Իրենք իրենց ուժերի վրա հույս չեն դնում, նրանք կարծում էին, թե ռուսների ներկայությունը կխանգարի, որ ադրբեջանցիները նման ներթափանցման փորձ անեն, բայց մենք կանգնած ենք ռեալ իրականության առաջ, իսկ իրականությունը սա է՝ պետք է դասեր քաղել, վճռականություն ցուցաբերել, եւ այլեւս ոչ մի զիջում, ցանկացած գնով պետք է այդ տարածքից նրանց վռնդել, եթե դա չարեցինք, նրանց համար կդառնա առիթ նոր ոտնձգությունների համար։ Պետք է կոշտ քայլեր ձեռնարկել եւ վերականգնել Հայաստանի ամբողջականությունը»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page