Ինչ կենսագրություն ունեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները․ մաս 1-ին

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներն 8-րդ գումարման Ազգային ժողովում ղեկավարելու են 9 իշխանական և 3 ընդդիմադիր պատգամավորներ։ MediaHub.am-ը ներկայացնում է, թե ինչ կենսագրություն ունեն հանձնաժողովների նախագահները։
Հերիքնազ Տիգրանյան

Հերիքնազ Տիգրանյանը ղեկավարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Տիգրանյանն անկուսակցական է, ՔՊ թիմի անդամ։ Նախորդ գումարման ազգային ժողովում զբաղեցրել է նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
Ծնվել է 1972թ. փետրվարի 25-ին՝ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ Մասնագիտությամբ իրավաբան է։
1996-2001թթ. աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է ԵՊՃՀ, 2000-2010թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, 2008-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ եղել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005թթ.՝ «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ քաղաքացիական ուսուցանող:
2006-2008թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ է եղել, 2008-2009թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ, 2009-2018թթ.՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ իրավախորհրդատու:
Վահե Ղալումյան

Վահե Ղալումյանը ղեկավարելու է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն կողմից, ՔՊ կուսակցության անդամ է։ Նույն հանձնաժողովը նախագահել է նաև 2020թ-ի դեկտեմբերից մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Ծնվել է 1975թ. հուլիսի 21-ին՝ Իջեւանում: Մասնագիտությամբ տնտեսագետ է։
2001-2002թթ. աշխատել է շինարարական կազմակերպության աշխղեկի օգնական, 2002-2003թթ.՝ Իջեւանի ճանշինվարչության գլխավոր տնօրենի օգնական, 2003-2006թթ.՝ Իջևանի ճանշինվարչության գործադիր տնօրենի տեղակալ, 2006-2015թթ.՝ Իջևանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: 01.06.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ Տավուշի մարզպետ:
Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբայրն է։
Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը ընտրվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Քոչարյանը նույն հանձնաժողովը ղեկավարել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում։ Նա ղեկավարել է նաև 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։
Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին՝ Երևանում: Մասնագիտությամբ իրավաբան է։
1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ, 1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և կադրային քաղաքականության հարցերով:
2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ ազգային անվտանգության և պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ նախագահն է:
Վահե Հակոբյան

Ձայների 59 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ծնվել 1971 թվականի հունիսի 12-ին՝ Երևանում: 1993 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը։
2002-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջին կարգի, ապա գլխավոր մասնագետների պաշտոնները: ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետն է եղել։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ։
Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը ևս իշխանության թեկնածուն է։ Նա ղեկավարում է Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Վարդանյանը ՔՊ կուսակցության անդամ է։ 7-րդ գումարման ազգային ժողովում ևս նախագահել է նույն հանձնաժողվը։
Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին՝ Երեւանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ:,2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է, 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ:
2016-2019թ. հունվարը եղել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն, 2018թ. ապրիլ-2019թ. հունվարը՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: 2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ընտրվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր:
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին՝ Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ ավարտելով Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետը։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ ավարտելով Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետը։
2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ 2017-թվականից Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է։ Մինչ մանդատ ստանալը եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։























Comments