Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարի իրավական հետևանքները
- May 28, 2021
- 1 min read

«Իրավաբանություն փնտրել Աննա Հակոբյանի կամ նրա ամուսնու արարքներում, անօգուտ զբաղմունք է»․ փաստաբան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր ֆեյսբուքյան իր էջում Արցախյան վերջին պատերազմում գերեվարված, ապա հայրենիք վերադարձած զինծառայողներից մեկի հետ լուսանկար էր հրապարակել։
Լուսանկարին կից հրապարակման մեջ Աննա Հակոբյանը ներկայացրել է տղայի անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, տարիք, բնակավայր, գերեվարվելու օր և այլն։ Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, մարդու անձնական տվյալները հրապարակելու համար պետք է անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնությունը լինի։
«Բացի այդ, պետք է հասկանալ՝ ինչ նպատակով է հրապարակվել այդ տեղեկատվությունը։ Չպետք է մոռանալ նաև այն, որ մենք խոցելի վիճակում գտնվող մարդու հետ գործ ունենք։ Բայց պետք է հստակ հասկանալ այդ հրապարակման նպատակը, քանի որ դա արել է ոչ թե շարքային քաղաքացին, այլ՝ վարչապետի կինը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նույնպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մարդու անձնական տվյալների հրապարակումը թույլատրելի է միմիայն նրա համաձայնության պարագայում։
MediaHub.am-ի հարցին, թե արդյո՞ք խոցելի խմբում գտնվող անձանց դեպքում օրենքը բացառություններ չի նախատեսում, Ալեքսանդր Կոչուբաևը պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցը տեղին կլիներ, եթե խոսքը ադեկվատ մարդկանց մասին լիներ։ Ուստի, նրա խոսքով, այդքան էլ ճիշտ չէ Աննա Հակոբյանի կատարած հրապարակումը իրավական տեսանկյունից դիտարկել։
«Այն անձը, ում մասին մենք խոսում ենք, բացառապես պոպուլիստական, մանիպուլյատիվ հնարքներ է կիրառում։ Գերեվարված մարդու տվյալները հրապարակելը հերթական հնարքն է՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու։ Եվ իրավաբանություն փնտրել Աննա Հակոբյանի կամ նրա ամուսնու արարքներում, կարծում եմ՝ մի փոքր անօգուտ զբաղմունք է»,- կարծիք հայտնեց փաստաբանը։


























Comments