top of page

«Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա». ռազմական փորձագետ

  • May 19, 2021
  • 2 min read


ree

«Այս հայտարարությամբ արդեն ամեն ինչ ասված է»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը՝ չայցելել Հայաստան և Արցախ։


Նշենք, որ Պետդեպի նախազգուշացումը բամենաբարձր՝ 4-րդ մակարդակի է։ Նա հայտնեց՝ միայն ԱՄՆ Պետդեպը չի, որ նման հայտարարություն է արել, արդեն տարբեր երկրների դեսպանատներ նմանատիպ ու նույնաբովանդակ կոչերով են հանդես եկել, ինչն արդեն իսկ խոսում է իրավիճակի մասին։


«Անկեղծ, ես չեմ ուզում ոչինչ մեկնաբանել, քանի որ ամեն բան պարզ է, իսկ ինքս մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ առաջացնելու ցանկություն չունեմ»,- ասաց նա։ MediaHub-ի դիտարկմանը, որ արդեն իսկ սոցցանցերը ողողված են բազմաթիվ մեկնաբանություններով՝ նաև խուճապային, քանի որ մարդիկ հիշում են, որ նույնատիպ հայտարարություն ԱՄՆ Պետդեպն արել էր նաև 44-օրյա պատերազմի մեկնարկից 2 օր առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 25-ին, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ մեկնաբանությամբ չեմ ցանկանա, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններն էլ ավելի լարվեն։ Բայց և այնպես, կասեմ միայն, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա»։


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին չճանապարհորդել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և հարակից տարածքներ` վերջին ռազմական բախումների պատճառով:


«2020թ-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտենսիվ մարտերից հետո, շարունակվում են միջադեպեր գրանցվել: ԱՄՆ կառավարությունը ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,- ասվում է զգուշացման մեջ։


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ չցանկացավ մեկնաբանել ԱՄՆ Պետդեպի հայտարարությունունը՝ նշելով. «Հայտարարությունից ոչ մի լավ բան սպասել պետք չէ..., դրանից ավելին՝ դեռ չգիտեմ»։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ էլ, ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է:

«Հնարավոր է` օրերի: Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին: Բնականաբար, Թուրքիան էլ անմասն չէ: Դրույքներն են բարձրացնում: Թուրք-ադրբեջանական դաշինքի հաշվարկը հայկական կողմի ապիկար իշխանությունների ու քաոտիկ վիճակի վրա է հիմնված:Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել: Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն: Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ: Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը: Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը»,- թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետը։ Նշենք, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը ևս կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի քանի մարզեր։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Խուսափել հետևյալ մարզեր ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, ճանապարհորդելուց»,-ասված է հայտարարության մեջ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page