Լավրովն ու Բայրամովն ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը
- Nov 2, 2021
- 1 min read

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։
Տարածաշրջանային իրավիճակի շուրջ կարծիքներ փոխանակելիս Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, ըստ Բաքվի հաղորդման, ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։ Հայկական ու ռուսական կողմի երեկվա հաղորդագրություններում այս ձևաչափի շուրջ քննարկումների մասին ոչինչ չէր հիշատակվել: Այս մասին հիշատակում չկա նաև Լավրով- Բայրամով հեռախոսազրույցի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում։
Ըստ ադրբեջանական կողմի՝ արտգործնախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակման՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունը։
Ռուսական կողմը հաղորդում է, որ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ համադրել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացման, տարածաշրջանային բարենպաստ մթնոլորտի համար տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին տեսակետները։ Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։


























Comments