Հայաստանը խորհրդարան է ընտրում. 20-06-2021

Այսօր՝ 2021 թ. հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։ Հայասատնը Խորհրդարան է ընտրում։ Առավոտյան 8- ից բացված ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան՝ ժամը 20- ին, և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ հանրապետությունում 2.581.093 ընտրող կա: Յուրաքանչյուր 1030-րդ ՀՀ քաղաքացին բացի ընտրող լինելուց առաջադրված է նաև որպես պատգամավորի թեկնածու։
Քաղաքացին, այցելելով ընտրատեղամաս և մտնելով խցիկ, ընտրում է այն քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում է քվեարկել։ Որևէ նշում, գրառում այդ քվեաթերթիկի վրա չի կատարում, այլ նույն տեսքով քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ։ Մնացած քվեաթերթիկները գցվելու են առանձնացված արկղ, որովհետև յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար տպագրված է առանձին քվեաթերթիկ։
Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` ընդհանուր 2508 թեկնածուով։
Նախորդ՝ 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների համեմատ այս անգամ մասնակցող կուսակցությունների և դաշինքների թիվն ավելացել է ավելի քան 2, իսկ պատգամավորության թեկնածուների թիվը՝ ավելի քան 1,5 անգամ։ Ընդ որում, գրանցված կուսակցությունների կեսից ավելին նորաստեղծ են և լայն հանրության համար` անհայտ։
Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ընտրարշավին մասնակցում են հանրապետության բոլոր 4 նախկին և ներկա ղեկավարները։ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը, Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքինը, Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, իսկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգյանը մասնակցում էրընտրարշավին, սակայն ցուցակում ներառված չէ։
Ամենաշատ թեկնածու առաջադրած քաղաքական ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ 230 թեկնածու, երկրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 156 թեկնածու։
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցանկում 153 պատգամավորի թեկնածու կա։ «Լուսավոր Հայաստանը» Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ 106 թեկնածու է առաջադրել, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ 92։
Ընտրությունները նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն անցկացվեց ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով։
Մայիսի 10-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի յոթերորդ Ազգային ժողովը լուծարվեց օրենքի ուժով։
Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով։ Թեկնածուներն ընտրություններին կարող էին մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը՝ 5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։























Comments