top of page

Հայաստանն ի վիճակի է անգամ էլեկտրաէներգիա վաճառել Վրաստանին․ փորձագետ

Sep 3, 2021
1 min read

Մեծամորի ատոմակայանի ու Հրազդանի 5-րդ բլոկի շահագործման դադարները, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմից հետո այնտեղից էլեկտրաէներգիայի ներմուծման դադարեցումը լուրջ խնդիրներ են ստեղծել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այդ մասին այսօր «Հոդված 3» ակումբում «Հայաստանի և Արցախի էներգետիկայի մշուշոտ հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։ Նրա խոսքով՝ էներգետիկ իրավիճակն այս տարի, ինչպես և նախատեսվում էր, լարված է, բայց կրիտիկական չէ։ «Մենք Արցախում ունեցել ենք ցավագին՝ մոտ 60 ՄՎտտ էլեկտրաէներգիա գեներացնող հզորությունների կորուստ, բայց այն գրեթե չի անդրադառնում Հայաստանի էներգետիկ ռեժիմների վրա։ Այդ կորուստները շատ մեծ են Արցախի էներգետիկ ինքնաբավության տեսանկյունից, և պետք է այդ ուղղությամբ միջոցառումներ նախաձեռնվեն»,- ասաց Արա Մարջանյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգին, ապա մասնագետը նշեց, որ Մեծամորի ատոմակայանը մոդեռնիզացիայի ճանապարհին է, դրա համար տրամադրվել էր 141 օր, և այդ ժամկետը շուտով կավարտվի։ «Ես հուսով եմ, որ մենք կունենանք մոդեռնիզացված երկրորդ բլոկ, և Հայաստանը ձմեռային սեզոն կմտնի նոր, արդիականացված և էֆեկտիվ աշխատող ատոմակայանի երկրորդ բլոկով, որի հզորությունը 440 ՄՎտտ է»,- ներկայացրեց Արա Մարջանյանը։ Միևնույն ժամանակ, մասնագետը նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը տարածաշրջանում ամենադիվերսիֆիկացվածն է։ «Այո, մենք Վրաստանից ենք էլեկտրաէներգիա գնում, քանի որ դա ավելի էժան տարբերակ է, քան գեներացման մյուս տարբերակները»,- ասաց փորձագետը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ի վիճակի է անգամ էլեկտրաէներգիա վաճառել Վրաստանին։ «Ուղղակի Վրաստանը չի ցանկանում մեզնից էլեկտրաէներգի գնել, քանի որ այնտեղ էներգետիկ համակարգը գործում է թուրք-ադրբեջանական աքցանների տակ»,- նկատեց նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page