top of page

Հայաստանում կներդրվի աղբահանության կայուն և արդյունավետ համակարգ

May 26, 2021
1 min read

Հանրապետությունում ներկայում առկա է 297 աղբավայր: Դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի: Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են, իրենց բացասական հետևանքներով: Ոլորտում բարեփոխումներ կատարելու, աղբահանության կայուն և արդյունավետ համակարգը ներդնելու համար մշակվել է աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ նախ կատարվել են ուսումնասիրություններ բոլոր համայնքներում՝ հստակեցնելով տեխնիկական հագեցվածությունը, վարձավճարների հավաքագրումը, աղբահանության վրա կատարվող ծախսերը և այլն: Գույքագրելով խնդիրները՝ մշակվում են ծրագրեր դրանց լուծման ուղղությամբ:


«Հանրապետությունում արդեն սկսել ենք Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարությունը: Ծրագիրը սկզբնական Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար է: Մենք կառուցելու ենք նաև փոխաբեռնման կայաններ, որտեղ աղբը կհավաքվի, կսեղմվի և մեծ մեքենաներով կտեղափոխվի աղբավայր»,-ասաց Նարինե Ավետյանը: Աղբահանության գորում նախատեսվում է ներգրավել մասնագիտացված կառույցների ու կազմակերպությունների:


Անդրադառնալով աղբահանության վճարների հավաքագրումներին՝ Նարինե Ավետյանը նշեց, որ այստեղ խնդիր կա: Հավաքագրված գումարը չի փակում ծախսերը: 2019 թվականին մարզերում աղբահանության համար ծախսվել է 5.5 մլրդ դրամ, սակայն հավաքագրվել է 2.4 մլրդ դրամ: Այսինքն՝ կրկնակի անգամ ավելի ծախսվում է, քան հավաքագրվում է:


«Վարձավճարը բավական ցածր է: Գյուղական համայնքներում հիմնականում սահմանված է 50 դրամ անձի համար, քաղաքային համայնքներում 100-150 դրամ: Ռազմավարությամբ սահմանված ծրագրով նախատեսում ենք վարձավճարների մեթոդաբանության մշակում»,-ասաց Նարինե Ավետյանը:


Ռազմավարությամբ նախատեսված է նաև գոտիավորել աղբահանության համակարգը: Նախատեսվում է ունենալ 5-6 գոտի: Դա ենթադրում է հանրապետությունում ունենալ առավելագույնը 10 աղբավայր: Նարինե Ավետյանը նշեց, որ զգալի անելիք կա աղբի տեսակավորման ուղղությամբ: Դա կարևոր բաղադրիչ է ներդրողների ներգրավելու տեսանկյունից: Նախարարության ներկայացուցչի խոսքով, բարեփոխումներին զուգահեռ աշխատում են ներդրողների հետ: Այսօր արդեն այդ ուղղությամբ գործնականում կան քննարկումներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page