Հայոց ազգագրության թանգարանը կցուցադրի ականավոր նկարիչների՝ Մայիսյան հերոսամարտերին նվիրված կտավներ

Յուրաքանչյուր տարի Հայոց ազգագրության թանգարանը նոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ է անդրադառնում 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին: 2021-ը ևս բացառություն չէ: Տոնի շրջանակում մայիսի 28-ին թանգարանի նախասրահում կբացվի «Հայ հերոսները կերպարվեստում» ցուցադրությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարեն Փահլեվանյանն ասաց, որ ժամանակավոր ցուցադրությունն ընդգրկում է Գևորգ Մնացականյանի, Գուրգեն Ղուկասյանի, Հակոբ Հակոբյանի և այլ հայտնի նկարիչների գործեր, որոնք բնորոշում են Սարդարապատի, Հայաստանի վերածնունդը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների հետ համագործակցությամբ էլ թանգարանի բացօթյա հարթակում կանցկացվի միջոցառում՝ միտված հատկապես երիտասարդների հայրենասիրական ոգու բարձրացմանը: «Նախաձեռնության շրջանակում պարուսույցները վարպետաց դաս կանցկացնեն՝ ներկաներին հնարավորություն տալով յուրացնել հայկական ավանդական պարերի տարրերը»,- շեշտեց նա:
Խոսելով Մայիսյան հերոսամարտերի այն ցուցանմուշների մասին, որոնք երբեք անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի՝ Փահլեվանյանն ընդգծեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում են զենքերը, Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների հուշերը, նամակագրությունները, Մարշալ Բաղրամյանի, զորավար Անդրանիկի անձնական իրերը:
Ինչպես Հայաստանի այլ թանգարաններ, այնպես էլ Հայոց ազգագրության թանգարանը կորոնավիրուսի տարածման պատճառով 2020-ին անցել էր առցանց աշխատանքի: Այժմ թանգարանն ապրում է բնականոն կյանքով: Տնօրենը տեղեկացրեց, որ ամեն օր հյուրընկալում են 100 այցելուի, իսկ շաբաթ և կիրակի օրերին նրանց թիվը կրկնապատկվում, երբեմն եռապատկվում է:
Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվել է հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: 103 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման:
Սարդարապատի ճակատամարտը որոշիչ, ճակատագրական է եղել հայ ժողովրդի և Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության նպատակով ոտքի է կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում են եղել ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացել են կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
1918 թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվել է Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
Անժելա Համբարձումյան























Comments