Ճիշտ կլինի օրենսդրությունը վերհիշեք եւ Ձեր պարտականությունները կատարեք․ Արմեն Գևորգյանի փաստաբան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում էր կատարել, որում խոսում էր մարզային այցելություններից, Հայաստանում առկա խնդիրներից և ներկայիս իշխանությունների կողմից ստեղծած իրավիճակից։
Արմեն Գևորգյանի գրառումը անտարբեր չի թողել ՀՀ գլխավոր դատախազությանը։ ՀՀ նախկին փոխվարչապետը իր գրառման մեջ մասնավորապես նշել է․
«Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …»։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հենց այդ հատվածի հետ կապված տեսակետ է հայտնել, որ․
«Հատկանշական և ակնառու է այն հանգամանքը, որ ակնհայտ հանցակազմ պարունակող «համայնքի ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին բացահայտ շանտաժի ենթարկելու», այդ համատեքստում նոր, թերևս ապօրինի քրեական գործեր հարուցելու, «իշխանության կամքին ենթարկվելու պահանջներ ներկայացնելու» մասին պնդումներ անելիս բազմափորձ Ա․ Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում՝ մանիպուլյատիվ էֆեկտով փորձելով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք»։
Այնուհետև գլխավոր դատախազի խորհրդականը ասել է, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։ Քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։
Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։
Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։
Գոռ Աբրահամյանի խորհուրդները անպատասխան չմնացին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան գրառում կատարեց՝ հիշեցնելու իրավապահ համակարգի գործառույթների մասին։ Փաստաբանը գրել է․
«Պ-ն Գեւորգյանին՝ իրավապահ մարմիններին դիմելու առումով այսպես ասած խորհուրդներ տալու փոխարեն, ճիշտ կլինի օրենսդրությունը վերհիշեք եւ Ձեր օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կատարեք: Եւ ամենակարեւորը՝ զբաղվեք հայրենիքը վաճառողներին, Հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող անձանց պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե թիրախավորեք այն անձին, ով այդ արժանապատվությունը ցանկանում է վերականգնել»։
Այնուհետև Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, թե ինչու է գլխավոր դատախազի արձագանքը անհիմն և անտեղի։























Comments